ՀՅԴ-ԻՆ ՊԵՏՔ Է 3 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, որը վերջին քառօրյային ներկայացրել էր կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ, տեղեկացրել էր, որ կառավարության այս գործելաոճի մասով դիմելու է ՀՀ Սահամանադրական դատարան: Այսինքն` ՀՅԴ-ն «սահմանադրորեն» դատի է տալու Տիգրան Սարգսյանին:
Սակայն այստեղ մի խնդիր կա. ՍԴ դիմելու համար ՀՅԴ-ին անհրաժեշտ է լինելու 27 պատգամավորների ստորագրություն: Մինչդեռ Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը 16 պատգամավոր ունի: Նույնիսկ եթե 16-ին գումարենք խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգության» 6 պատգամավորների ստորագրությունները, միեւնույն է, 5 պատգամավոր «քչություն» է անելու: Այսինքն` դաշնակցականները պետք է դիմեն նաեւ իրենց նախկին կոալիցիոն գործընկերներին` 5 ստորագրության խնդրանքով:
Մեր հարցին, թե ումից` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, թե անկախ պատգամավորներից են պատրաստվում կորզել պահանջվող 5 ստորագրությունները, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասաց. «Կտեսնենք, էլի, աշխատանք է, տեսնենք` ինչ կլինի»:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ կոալիցիայի անդամ կուսակցություններին` պարզելու` նրանք կտան իրենց ստորագրությունը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իհարկե ոչ, որովհետեւ հանրապետականն իր վերաբերմունքն արդեն արտահայտել է` դեմ քվեարկելով օրենքի նախագծին»: Նույն պատասխանը ստացանք նաեւ մյուսներից. ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց օրակարգում նման հարց չկա, իսկ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն ավելացրեց, որ թեեւ նման հարց իրենց մոտ չի քննարկվել, բայց ստորագրություն չեն տա, քանի որ կառավարության նկատմամբ իրենց դիրքորոշումն արդեն իսկ արտահայտել են իրենց քվեարկությամբ:
Ամեն դեպքում հետաքրքիր էր իմանալ, թե «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է ստորագրություն տալ ՀՅԴ-ի նախաձեռնության համար` հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՅԴ-ն ԱԺ նախագահի թեկնածու, «Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանի օգտին չքվեարկեց: «Մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցի նկատմամբ, որը  ենթադրում է ընդդիմադիր գործընկերներին աջակցություն միշտ եւ  ցանկացած հարցում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Այսինքն` ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջեւ անցած «սեւ կատուն» «անհետացել» է:
Մնում է, որ ՀՅԴ-ն իր նախաձեռնության համար հույսը դնի մի քանի անկախ պատգամավորի վրա:  

Ա. Դ.




Լրահոս