Armenian text to speach

ԱՄՆ ռազմական կուտակումներ՝ Իրանի շուրջ․ իրական պատերազմի սպառնալի՞ք, թե՞ ճնշման գործիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերսկսված միջուկային բանակցությունների ֆոնին Միացյալ Նահանգները վերադասավորել է իր հիմնական ռազմածովային ուժերը Պարսից ծոցում և Արաբական ծովում։ Այս քայլը որոշ լրատվամիջոցներ գնահատում են որպես լայնածավալ պատերազմի նախանշան, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այն կարող է լինել ռազմական ազդանշան՝ բանակցային դիրքերը ամրապնդելու նպատակով։

Աշխարհի ամենամեծ ռազմանավը՝ USS Gerald R. Ford, փոխել է իր երթուղին և ուղղվել տարածաշրջան։ Հիշեցնեք, որ Իրանի ջրերին հարակից տարածքներում միաժամանակ գործում են ԱՄՆ-ի երկու ավիակիր հարվածային խմբեր։

Ավելի վաղ USS Abraham Lincoln-ը տեղակայված էր Արաբական ծովում և Պարսից ծոցի մերձակայքում․ արբանյակային վերջին տվյալները հաստատում են դրա ներկայությունը Օմանի մոտ՝ հյուսիսային Արաբական ծովում։ Իսկ «Ջերալդ Ռ. Ֆորդ»-ը, Կարիբյան տարածաշրջանում երկարատև առաքելությունից հետո, Պենտագոնի ուղիղ հրահանգով փոխել է ուղղությունը, փետրվարի 20-ին անցել է Ջիբրալթարի նեղուցով և ներկայում շարժվում է արևելք՝ Միջերկրական ծովում։

Թեև նման տեղաշարժերը ԱՄՆ ռազմածովային ուժերի ռոտացիոն ծրագրի մաս են, ներկայիս պայմաններում դրանք ստացել են առավել խորհրդանշական և կոշտ երանգ՝ հաշվի առնելով Վաշինգտոնի ճնշումը արագ միջուկային համաձայնության հասնելու հարցում։

Խորհրդանշական ազդակ, թե՞ իրական պատրաստություն

ԱՄՆ ավիակիրները ոչ միայն ռազմական գործիք են, այլև Վաշինգտոնի գլոբալ հզորության խորհրդանիշ։ Երկու ավիակիրների միաժամանակյա ներկայությունը դիտվում է որպես զսպման ուղերձ և բանակցային լծակների ուժեղացում։

Սակայն որոշ փորձագետներ մատնանշում են նաև գործնական սահմանափակումներ։ «Ֆորդ»-ի առաքելությունը տևել է ավելի քան 240 օր, և անձնակազմի հոգնածությունը կարող է ժամանակավորապես ազդել մարտունակության վրա։ Ուստի ուժերի կենտրոնացումը գնահատվում է ավելի շատ որպես ուժի ցուցադրություն և դիվանագիտական ճնշում, քան անմիջական հարձակման նախապատրաստություն։

Իրանի արձագանքը․ պաշտպանական պատրաստվածություն և դիվանագիտության շեշտադրում

Իրանի պաշտոնյաները արձագանքել են երկակի շեշտադրումներով՝ ընդգծելով թե՛ պաշտպանական պատրաստվածությունը, թե՛ բանակցությունների կարևորությունը։

Փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունը պատերազմ սկսել չէ, սակայն եթե այն պարտադրվի, թշնամին չի որոշի դրա ավարտը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին զգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած բախում «դաս կլինի» ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի համար։

Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ դիվանագիտությունը չի կարող հաջողել ռազմական սպառնալիքի պայմաններում և հայտարարել է բանակցություններում հակաառաջարկ ներկայացնելու պատրաստակամության մասին։

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Հաթամին էլ նշել է, որ երկիրը մշտապես հետևում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղաշարժերին և պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած «սադրանքի»։

Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ ցանկացած սխալ հաշվարկ կստանա «նախորդից ավելի կոշտ» պատասխան։

Թեհրանը շեշտում է նաև իր հիպերձայնային հրթիռների (այդ թվում՝ «Fattah-1»), անօդաչու սարքերի հնարավորությունները և ավիակիրներ խոցելու ունակությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջնահերթությունը օրինական պաշտպանությունն ու դիվանագիտական ուղին է։

Ինչո՞ւ լայնածավալ պատերազմը քիչ հավանական է

Վերլուծաբանների կարծիքով՝ մի շարք գործոններ զսպում են լայնամասշտաբ հակամարտության վտանգը․

  • ԱՄՆ-ի համար հնարավոր տնտեսական և ռազմական հսկայական ծախսերը,
  • Իրանի պատասխան հարվածի կարողությունը տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաների դեմ,
  • էներգետիկ շուկաների ապակայունացման ռիսկերը և դաշնակիցների մտահոգությունները,
  • ԱՄՆ-ի նախկին երկարատև պատերազմների բացասական փորձը։

Այսպիսով, Պարսից ծոցում և Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումները փորձագետների գնահատմամբ ավելի շատ դիվանագիտական «շախմատի» քայլեր են, քան պատերազմի անմիջական նախապատրաստություն։ Վաշինգտոնը փորձում է ուժի առավելագույն ցուցադրությամբ ամրապնդել իր դիրքերը բանակցություններում, մինչդեռ Թեհրանը համադրում է բարձր պաշտպանական պատրաստվածությունն ու դիվանագիտական ուղին՝ պաշտպանելով իր ազգային անվտանգությունն ու շահերը։

Անի Վարդանյան




Լրահոս