Նավթի համաշխարհային գները աճել են և երեքշաբթի հասել յոթ ամսվա ամենաբարձր մակարդակին՝ պայմանավորված շուկաներում աճող լարվածությամբ և մատակարարումների խափանման հնարավոր մտահոգություններով։
ԱՄՆ նավթի ֆյուչերսները երկուշաբթի բարձրացել են մինչև 67,28 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Brent տեսակի նավթը հասել է 72,50 դոլարի՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը հուլիսի 31-ից ի վեր։ Թեև նստաշրջանի վերջում գները փոքր-ինչ նվազել են, երեքշաբթի առավոտյան դրանք կրկին աճել են՝ մոտենալով նախորդ օրվա առավելագույն ցուցանիշներին։
Shore Capital ընկերության հետազոտական վերլուծաբան Ջեյմս Հոսին նշել է, որ նավթի շուկաները «ռացիոնալ կերպով փորձում են գների մեջ ներառել ռիսկային հավելավճար՝ հաշվի առնելով, թե որքան կարող է հակամարտությունը խաթարել համաշխարհային մատակարարումները»։
Փորձագետների կարծիքով՝ հնարավոր ռազմական բախման կամ աշխարհաքաղաքական սրացման վտանգը շուկաներին ստիպում է հաշվարկել նավթի առաջարկի կրճատման ռիսկը, ինչն էլ նպաստում է գների աճին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




















































































