Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 10 պատգամավորների ուղեկցությամբ նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով մեկնել է Բրազիլիա: Առաջին նախադասությունը բավական կարեւոր առաքելության մասին է խոսում: Իսկ իրականում ինչո՞վ են զբաղվել ԱԺ պատգամավորներ Դ. Հարությունյանը, Ա. Դավթյանը, Ն. Զոհրաբյանը, Ա. Ռուստամյանը, Հ. Բիշարյանը, Մ. Եսայանը, Ս. Ֆարմանյանը, Ռ. Մուրադյանը, Ռ. Հակոբյանը եւ Տ. Վարդապետյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ազգընտիրներն այցելել են Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգեւատրել ԱԺ Պատվո մեդալով, այնուհետեւ գնացել Սան Պաուլոյի հայկական ակումբ, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հետո եղել Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցում, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Բայց սա դեռ ամենը չէ: Որպես իսկական խորհրդարանական դիվանագետ՝ Հ. Աբրահամյանը հանդիպել է Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների, ուսուցիչների, խորհրդի անդամների հետ: Այնուհետեւ պատգամավորների պալատի նախագահի հրավերով հազարավոր կիլոմետրեր կտրած եւ Բրազիլիա հասած ԱԺ պատվիրակությանն ընդունել է ընդամենը Սան Պաուլոյի քաղաքապետ Ֆերնանդո Հադդադը: Ու թերեւս միակ ձեռքբերումը, որն ունեցել են հայրենի խորհրդարանականները, այն է, որ քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ հոգալ բրազիլահայ այն ուսանողների ուսման ծախսերը, որոնք ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ ՀՀ բուհերում: Համաձայնե՛ք, որ ԱԺ մի ողջ պատվիրակության համար նման շուքով ճամփորդելը, մեղմ ասած, սիրուն չէ: Այս այցելությունն առավել շատ նման է հայտնի Քաջ Նազարի պատմությանը, երբ նա հպարտանում էր, թե «աշխարհը խալի է ոտիս տակ»:
ԱՇԽԱՐՀԸ ԽԱԼԻ Է ՈՏՔԻ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ