Armenian text to speach

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նավթի գները կտրուկ աճել են, ֆոնդային շուկաները՝ անկում գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆինանսական շուկաներում շաբաթվա մեկնարկը նշանավորվել է անկայունությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանին։

Շաբաթ երեկոյան  նավթի գները կտրուկ աճել են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքից մատակարարումների հնարավոր խափանման մտավախություններով։ Միաժամանակ ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները նվազել են, քանի որ ներդրողները նվազեցրել են ռիսկային ակտիվներում իրենց մասնակցությունը՝ տարածաշրջանային զարգացումներից բխող նոր աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության պատճառով։ Ոսկու գինը ևս աճել է՝ որպես ավանդական «անվտանգ » ակտիվ։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման իրավիճակներում սովորաբար նվազում են պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ու բաժնետոմսերի գները՝ ռիսկային հավելավճարների վերագնահատման պատճառով։

Նավթի և բնական գազի գները հատկապես խոցելի են կտրուկ աճի համար, քանի որ Մերձավոր Արևելքը էներգակիրների խոշոր արտադրող է, իսկ բեռնափոխադրումների և ապահովագրական ծախսերը բարձրանում են պատերազմի ռիսկի պայմաններում։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են ավելի քան 6 տոկոսով՝ հասնելով շուրջ 77,50 դոլարի մեկ բարելի դիմաց՝ գրանցելով ամենաբարձր մակարդակը հունիսից ի վեր։ WTI ամերիկյան հենանիշ նավթի գինը նույնպես աճել է մոտ 6 տոկոսով՝ հասնելով շուրջ 71 դոլարի մեկ բարելի դիմաց։ Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից նավթի գները բարձրացել են մոտ 20 տոկոսով։

Ֆոնդային շուկաներում Dow Jones, S&P 500 և Nasdaq 100 ինդեքսների ֆյուչերսները նվազել են մոտ 1 տոկոսով։ Ոսկու ֆյուչերսները բարձրացել են գրեթե 2 տոկոսով՝ հասնելով 5350 դոլարի մեկ ունցիայի դիմաց՝ ավելի քան մեկ ամսվա առավելագույնին։ Բիթքոյնի գինը շաբաթ օրը կարճ ժամանակով նվազել է մինչև 63 հազար դոլար, սակայն կիրակի երեկոյան վերականգնվել է՝ հասնելով մոտ 67 հազար դոլարի։

Վերլուծաբանները նշում են, որ բարձր վառելիքային ծախսերը կարող են բացասաբար ազդել ավիաընկերությունների և զբոսաշրջային հատվածի վրա, ինչպես նաև բեռնափոխադրող և համաշխարհային առևտրի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերի վրա։ Միաժամանակ էներգետիկ ընկերությունները, ինչպես նաև պաշտպանական և անվտանգության ոլորտի կազմակերպությունները կարող են շահել ստեղծված իրավիճակից։

Փորձագետների կարծիքով՝ աշխարհաքաղաքական ռիսկերը գնալով դառնում են ավելի հաճախակի, ինչի պայմաններում ակտիվ ռիսկերի կառավարումը դառնում է առաջնահերթ, քանի որ շուկաների առաջնորդությունը կարող է արագ փոխվել։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս