ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ոստիկանության բաժնի պետի տեղակալը բախվել էր ճանապարհային շինարարության աշխատակիցների հետ:  Ոստիկանության բաժնի պետի տեղակալը պարտադրել էր կտրված ծառերն իր տուն տեղափոխել, սակայն ճանշինի աշխատակիցները  հրաժարվել էին: Ծավալված վիճաբանության արդյունքում ոստիկանության բաժնի պետի տեղակալ Հայկ Մերգելյանը հանել էր զենքն ու կրակել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է դեպքի հաջորդ  օրը: Երեկ իմացանք, որ Մերգելյանը դեկտեմբերի 3-ից աշխատանքից հեռացվել է, իսկ ծառայողական քննությունը դեռեւս շարունակվում է:
Հիշեցնենք, որ վերը նշված օրը` ժամը 16:45-ի սահմաններում, Հայկ Մերգելյանը, անցնելով Ծովակ գյուղի մոտով, նկատում է, որ այդ տարածքում ծառահատում է կատարվում: Վերջինս ոստիկանությունից խումբ է հրավիրում, եւ 4 հոգով մոտենում են` պարզելու, թե ինչ է կատարվում:
Ծառահատողները պատասխանում են, թե իրենց հանձնարարված է ծառերը հատել, իրենք էլ հատում են: Մերգելյանը պահանջում է թույլտվությունը, սակայն ի պատասխան ասվում է, որ թույլտվություն չկա, բայց ղեկավարները տեղյակ են: Վարդենիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալը ծառահատողներին հրավիրում է բաժին` տեղում պարզելու համար` կա արդյոք ծառահատման  թույլտվություն, թե ոչ:
Ոստիկանության աշխատակիցներն ու ծառահատողները սկսում են միմյանց քաշքշել եւ  հայհոյել:  Ըստ մեզ հասած տեղեկությունների` վիճաբանողները նույնիսկ պատռում  են Մերգելյանի բաճկոնը (վերջինս քաղաքացիական հագուստով է եղել): Արդյունքում Հայկ Մերգելյանը հանում է իր մոտ եղած հրացանն ու օդ կրակում: Այնուհետեւ դեպքի վայր է ժամանում ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ երկու կողմերին էլ (6-7 հոգու) հրավիրում ոստիկանության բաժին:
Նշել էինք նաեւ դեպքի մասնակիցների անունները` ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Հայկ Մերգելյան,  «Սեւան» ազգային պարկի տեղամասի պետեր` 31-ամյա Արմեն եւ 61-ամյա Աղաբեկ Սարգսյաններ, 46-ամյա Արտակ Ալեքսանյան, 27-ամյա Անտոն Սարգսյան, 20-ամյա տեղամասային պետ Արամ Սարգսյան, 41-ամյա Աբել Դանիելյան եւ  35-ամյա Հունան Հարությունյան:
«Սեւան» ազգային պարկի Վարդենիսի  անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Մխիթար Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք ամեն ինչ օրենքի սահմաններում են կատարել, իսկ Վարդենիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալը հրամայել էր ծառերը տեղափոխել իր տան բակ, որի պատճառով էլ այդ քաշքշուկը սկսվել էր:
     Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում այդ գործը, եւ արդյոք պարզվել է, թե ովքեր են մեղավորները: Հիշեցնենք, որ այս դեպքի առնչությամբ զրուցել էինք «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի հետ, որը, բանից անտեղյակ,  կցկտուր պատասխաններ էր տվել:
Երեկ, սակայն, Գնդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ ինքնագոհ էր, վստահեցնում էր, որ իր տղաներն անմեղ են, որեւէ խնդիր չկա, եւ միակ մեղավորը Մերգելյանն է. «Ընդեղ ամեն ինչ օրինական ա եղել, ընդեղի միլպետի տեղակալին էլ գործից հանել են, նա ա անօրինական, մենք լրիվ նորմայով… դիմել են, մերոնք գնացել են, քամին որ քցել ա, հանել տարել են ղրաղ, 5 հատ ծառ ա եղել,  ջարդվել ընկել ա ճամփի վրեն, մերոնք որեւէ պրոբլեմ չունեն: Ուրեմն դրա վրա քրեական գործ ա հարուցված, դրա մեղավորն ու արդարը դատական կարգով ա որոշվում, բայց մեր տղերքի գործունեությունը լրիվ օրինաչափ ա, իհարկե, իրանց հետ խոսել եմ, պարզել եմ, թե ինչ ա եղել: Իսկ ինչ վերաբերում ա նրան, թե միլիցիային քրֆել են, թե չէ, թող քննությունը պարզի»: Մեր հաջորդ հարցերը «կատաղեցրին» Գնդոյանին, վերջինս ասաց, թե «գյալաջի» չի ուզում անել. «Մտքինդ ի՞նչ կա, հարցերը տվեցիր, պատասխանը ստացար, ցավդ տանեմ, հաջողություն»:
Մեր հավաստի տեղեկություններով` Գնդոյանը «ձեռ ու ոտ» է ընկել փաստաթղթերը կարգավորելու համար, որպեսզի ապացուցի, թե իրենց աշխատանքն օրինական է, բայց հետին թվերով: Պարզեցինք, որ քրեական գործ է հարուցվել 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մնացել է, որ առերեսում կատարվի, եւ գործը մտնի դատարան: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` վեճին ներկա գտնվողներից 31-ամյա Արմեն Սարգսյանը, որը ներկայացել է որպես  «Սեւան» ազգային պարկի աշխատակից, իրականում  աշխատանքից վաղուց ազատված է, սակայն Գնդոյանը փաստաթղթեր է պատրաստում` ապացուցելու համար, որի նա իր աշխատակիցն է: Համաձայն մեր տեղեկությունների` այսօր գործը տեղափոխվելու է դատախազություն: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեկտեմբերի 3-ին Հայկ Մերգելյանը հեռացվել է աշխատանքից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս