ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի շարք փաստարկներ, որոնցով հիմնավորվում է, թե ինչու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հակասում ՀՀ Սահմանադրությանը:

-Պարո՛ն Մինասյան, խնդրում եմ նշել, թե ինչու եք պնդում, որ կուտակային կենսաթոշակային համակարգը հակասում ՀՀ Սահմանադրությանը: Կառավարության անդամները, օրինակ, հավաստիացնում են, որ դա այդպես չէ:
-Եթե խոսենք սահմանադրական դրույթների մասին, ապա պետք է արձանագրենք, որ այս փաթեթով խախտումներ կան, ու դա 117-րդ հոդվածն է, որն ամրագրում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերված սոցիալական իրավունքի ծավալն արգելվում է նվազեցնել:  2003 թվականից գործում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենք, որով ձեռք բերված որոշակի մակարդակ կա, մասնավորապես կենսաթոշակի անցնելու համար նախատեսված է նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, իսկ այդ փոփոխություններով 5 տարին դարձավ 10 տարի: Ստացվեց, որ մարդը, եթե աշխատել է 7 տարի, ժամանակին կատարել է վճարումներ այն ակնկալիքով, որ ինքը պետք է գնա աշխատանքային կենսաթոշակի, զրկվում է այդ հնարավորությունից: Մինչդեռ 117-րդ հոդվածն արգելում է նման քայլի իրականացումը: Երկրորդը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի օրենքով սահմանված կարգով պետք է մուծի հարկեր, տուրքեր, կատարի պարտադիր այլ վճարումներ: Եթե օրենքով սահմանվում է որոշակի պարտադրանք, ապա այդ գումարը դառնում է օրենքով սահմանված պարտադիր վճար: Ըստ Սահմանադրության՝ այս գումարը պետք է գնա պետական բյուջե: Ու նաեւ 14.1 հոդվածին է հակասում, երբ պարտադիր կուտակային համակարգի համար կիրառվում է տարիքային խտրականություն:
-Այսինքն՝ ՀՅԴ-ն ցանկանում է, որ կուտակային կենսաթոշակը ե՞ւս գնա պետական բյուջե:
-Այս փաթեթով պարտադրվում է, որ գումարները գնան մասնավոր կազմակերպություններին, թեկուզեւ քաղաքացու անձնական հաշվի վրա: Սա նույնն է, որ օրենքով սահմանեին,  թե ավանդ դնելը պարտադիր է: Այդ դեպքում, եթե պարտադիր է, ապա այդ գումարի տնօրինման պատասխանատուն պետք է լինի պետությունը՝ ի դեմս կառավարության: Մինչդեռ իրենք այդ փաթեթով պատասխանատվությունը թողնում են քաղաքացու վրա, սա մեր գնահատմամբ ոչ միայն չի համապատասխանում 45-րդ հոդվածին, տրամաբանությանը, այլեւ սահմանադրական մեկնաբանություններով ներկայացված մոտեցումներին: Իրենք այս առումով օրինակ են բերում ԱՊՊԱ-ն, մենք էլ ասում ենք՝ այո՛, ԱՊՊԱ-ն էլ է հակասահմանադրական, եթե ժամանակին մի հակասահմանադրական քայլ արվել է, դա չի նշանակում, որ պետք է շարունակել: Մյուսը վերաբերում է Սահմանադրության 36-րդ հոդվածին, որով ամրագրվում է սերունդների համերաշխությունը: Այս համակարգով ստացվում է, որ կտրվում է կապը սերունդների միջեւ: Ամենակարեւոր մի նորմն էլ 31-րդ հոդվածն է, որը սեփականության իրավունքի տնօրինման լիազորությունն է: Եթե դու քաղաքացուն պարտադրում ես, որ իր աշխատավարձից մասհանի ու փոխանցի մասնավոր սուբյեկտի, ստացվում է, որ անհամաչափ սահմանափակում ես կիրառում քաղաքացու աշխատավարձի նկատմամբ:
-Քաղաքացու համար անհասկանալի է, թե ինքն այդ գումարներն ում է «տալու» եւ ինչ երաշխիք ունի, որ դրանք կվերադարձվեն…
-Այո՛, ու մենք ասում ենք, որ առաջին խոշոր ռիսկը ֆինանսական շուկայի ռիսկն է, երբ անցնում ես մասնավոր ֆոնդերի, որոնք պետք է տեղաբաշխեն այդ միջոցները: Ինչպես փորձն է ցույց տալիս, 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ մեծաթիվ ֆոնդեր ուղղակի ոչնչացվեցին, որովհետեւ դրանց արժեթղթերի սեփականատերերը սնանկացան: Եվ դա էր պատճառը, որ Արգենտինայում հետ վերադարձան բաշխողական համակարգին, եւ այս համակարգը նվազեցվեց ու հանվեց, այժմ էլ այն վերանայվում է ռուսական համակարգում: Նման դրսեւորում է եղել նաեւ Չիլիում: Երկրորդ ռիսկն առաջանում է աշխատաշուկայում: Երրորդ ռիսկը բխում է ժողովրդագրական վիճակից. օրինակ՝ երեխա ունեցող կինն այդ ժամանակ զրկվում է կուտակման հնարավորությունից կամ զինվորական ծառայողը չի կարողանալու այդ ժամանակահատվածում կուտակումներ կատարել: Իսկ ՌԴ-ում եւ այլ երկրներում պետությունն է վճարում նրանց փոխարեն: Բացի այդ` գյուղատնտեսության մեջ ներգրավված քաղաքացիներն այս համակարգից ընդհանրապես դուրս են: 4-րդ ռիսկն առաջանում է մասնագիտական ոլորտից. որեւէ մեկն այսօր չի կարող պնդել, որ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածները բոլորը տիրապետում են ֆինանսական ոլորտի նրբություններին եւ կարող են այս ֆոնդի փաթեթի մասին պրոֆեսիոնալ որոշում կայացնել: Սա բերելու է նրան, որ քաղաքացիները կատարելու են որոշակի ընտրություն ու հայտնվելու են որոշակի փաստերի առաջ: Ու էլի բացասական ռիսկեր կան:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է պետությունը հրաժարվում ինքը տնօրինել այդ գումարները:
-Ես քաղաքական գնահատական կարող եմ տալ. մեր ներկա կառավարության  կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական առանցքը եղել է հետնահանջը, եւ ամեն ինչ դիտարկվել է ֆինանսական շուկաների հայացքի ներքո՝ անտեսելով դրա բացասական կողմերը: Բայց ես ինքս եկել եմ ֆինանսական շուկաներից ու շատ լավ գիտեմ, թե այնտեղ ինչ խաղեր են տարվում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս