ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Հայաստանում տիրող համակարգված ու համատարած կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ կառավարությանը հարցապնդում է ներկայացրել: Այնտեղ թվարկված են կոռուպցիոն մի շարք հայտնի սկանդալներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունը, երբեմնի ազգային փոխադրող «Արմավիա»-ի սնանկացման պատմությունը, «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումը, թե ինչպես էր ԴԱՀԿ ծառայությունը BYD ավտոմեքենաներ գնել նույն ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած ու նրա ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից:
ՀԱԿ-ը մատնանշել է նաեւ այն փաստը, թե ինչպես է կառավարության որոշմամբ իշխանությունների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի ընկերությանը` «Ֆլեշ» ՍՊԸ-ին, առանց մրցույթի, մանրածախ գնով հողօգտագործողներին դիզվառելիք մատակարարելու իրավունք եւ պետական սուբսիդիա տրվել եւ այսպես շարունակ: Ինչպես նշված է այդ հարցման մեջ, ՀԱԿ-ը բյուջեի մուտքերի ու ծախսերի տվյալների վերլուծության հիման վրա եկել է հետեւյալ եզրահանգման. «Յուրաքանչյուր տարի պետությունից հափշտակվում եւ կոռուպցիոն բուրգի գագաթը կազմող պետական բարձրաստիճան պաշտոնյաների գրպանն է հոսում ավելի քան 2.5 մլրդ դոլար, այսինքն` նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է»: Հարցապնդման մեջ ՀԱԿ-ը ներկայացրել է նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը` մեկ տարվա կտրվածքով, որտեղ երեւում է, թե այդ ընթացքում ինչ երկրաչափական պրոգրեսիայով են աճել նրանց եկամուտները:
Երեկվա ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով իրենց հարցապնդումը, ասաց. «Մենք կարծես դահիճին հարցնենք, թե արդյոք ինքը մարդասիրական նոպաներ չի ունենում, արդյոք խղճահարություն չունի, որ այդքան մարդ է սպանել, բայց ֆորմալ առումով մենք այլ հնարավորություն չունենք: Մենք հասկանում ենք, որ այն մարդկանց, ում մենք այդ հարցը ուղղում ենք, հենց այդ կոռուպցիայի գլխավոր հեղինակներն են, բայց այստեղ մեզ հետաքրքրում է, թե ինչպես են նրանք հասարակությանը այս ամեն ինչը բացատրելու»: Նա նշեց, որ հարցապնդման միջոցով նպատակ ունեն նաեւ ժողովրդի ուշադրությունը բեւեռել ստեղծված իրավիճակի վրա. «Մենք թեժացնում ենք իրավիճակը, անում ենք մի քայլ, որը ժողովրդին պետք է մոբիլիզացնի այս ավազակների, հանցագործների դեմ»: Իսկ լրագրողի հարցին, թե այդ ամենից հետո ինչ պետք է անի կառավարությունն իրավիճակը մեղմելու համար, Զուրաբյանը պատասխանեց մեկ նախադասությամբ. «Կառավարությունը պարզապես պետք է ինքնահրկիզվի»:
Ասուլիսի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում Վիեննայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: Մի կողմից կարեւորելով բանակցությունների շարունակվելը, Զուրաբյանը, սակայն, նշեց. «Ես չեմ կարող հավատալ Սերժ Սարգսյանի որեւէ խոսքի: Մենք պիտի հավատանք մի մարդու, ով դիվանագիտական գործընթացների վերաբերյալ մշտապես մոլորեցրե՞լ է հասարակական կարծիքը, միշտ խաբել է, չի ներկայացրել եվրաասոցացման գործընթացը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապայմանը»:
Ա. ԳԱԼՈՅԱՆ