Ապրիլի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Աշակերտական խորհուրդները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» ծրագրի շրջանակներում Երևանի 26 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների շուրջ 40 ներկայացուցիչներ մասնակցեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ճանաչողական այցի:
Աշակերտները հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ, ում ներկայացրին աշակերտական խորհուրդներին հուզող հարցեր, ուրվագծվեցին աշակերտական խորհուրդներ-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին համագործակցության նոր եզրերի ձևավորման ուղիները: Աշակերտները նաև ծանոթացան Մայր Տաճարին, Մայր Տաճարի թանգարանին, Գանձատանը, այցելեցին Ռուբեն Սևակի անվան թանգարան:
Ծրագրի համակարգող Ելենա Փիլիպոսյանը, խոսելով ծրագրի իրականացման նպատակի մասին, ասաց. «Ծրագրում ընդգրկված` ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներն ու փոխնախագահներն այն տարիքի աշակերտներ են, որոնք մեծ հեղինակություն են վայելում իրենց հասակակիցների շրջանում: Ուստի նրանց միջոցով աշակերտների շրջանում փորձում ենք տարածել քրիստոնեական դաստիարակության կարևորությունն ու համապատասխան գիտելիքներ:
Հատկապես խնդիրը հրատապ է այն առումով, որ այսօր տարբեր կառույցներ, հատկապես աղանդավորական, փորձում են ակտիվ ժամանցի կազմակերպման միջոցով ներազդել երիտասարդների վրա»:
Ելենա Փիլիպոսյանը փաստեց, որ դպրոցներում քրիստոնեական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ տարվում են, սակայն իրականացվող ծրագրի շրջանակներում կիրառվել է հասակակիցների շրջանում հեղինակություն վայելող աշակետների միջոցով քրիստոնեական դաստիարակությանն ուղղված գիտելիքների տարածման մեթոդը, որը աչքի է ընկնում արդյունավետությամբ:
Թիվ 2 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Շահինյանը, կարևորելով նման ծրագրերը, նշեց. «Դպրոցում մենք գիտելիքներ ենք ստանում նեղ շրջանակներում `կոնկրետ առարկաներով սահմանափակված, ուստի նման արտադասարանական միջոցառումները մեզ օգնում են զարգանալու և նոր գիտելիքներ կուտակելու հարցում»: