ԱՆՆՊԱՏԱԿ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր կառավարության անդամները երբեւէ ձեռնամուխ լինեն սեփական փորձի հիման վրա գրել «Աննպատակ ծախսեր կամ ինչպես մսխել պետական բյուջեի միջոցները» վերնագրով աշխատություն, ապա այն կդառնա իսկական բեսթսելլեր: Այս տարիների ընթացքում նրանք կարողացել են լուրջ փորձ կուտակել, ու սերունդներին այս առումով շատ բան կունենան ասելու:

«Ժողովուրդ»-ը տարբեր առիթներով անդրադարձել է, թե ինչպես են վատնվում պետական բյուջեի միջոցները: Դատելով 2014թ. պետական բյուջեի նախագծից՝ կառավարության համար հաջորդ տարի եւս այդ «ոլոլորտում» մեծ հեռանկարներ են բացվում: 2014թ. պետական բյուջեի նախագծում որպես հիմնական ռիսկեր նշված են արտաքին գործոնները, եւ ոչ մի բառ չկա ներքին ռիսկերի վերաբերյալ: Այնինչ բյուջեի նախագծի ծախսային մասն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ բյուջեի ռիսկերն առաջին հերթին ներքին գործոններն են, մասնավորապես Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը:
Եվ այսպես, 2014թ. պետական բյուջեի ծախսային մասում (էջ 157) հանդիպում ենք հետեւյալ նախադասությանը. «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման եւ գրագիտության դրամաշնորհային ծրագիր (ծրագրի տեւողությունը` 2013-2016թթ.): Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014թ. ծրագրված է 128,9 մլն դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 107,4 մլն դրամ, համաֆինանսավորում` 21,5 մլն դրամ»:  Հասկանալի է` կառավարությունը 2014թ. եւ հետագա երկու տարիների ընթացքում ջանք ու եռանդ չի խնայելու այդ ծրագրի շրջանակներում հասարակությանը համոզելու համար, թե ինչ լավ բան է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը, որ այդ ամենն արվում է ոչ թե սեփական հարստացման, այլ հանուն ժողովրդի, հանուն արժանապատիվ ծերություն ապահովելու: Դասախոսություններին զուգահեռ կտպագրվեն նաեւ թանկարժեք բուկլետներ ու բրոշյուրներ եւ այսպես շարունակ: Առավել եւս այսօրվա պայմաններում, երբ դեռ այդ օրենքը չկիրառված՝ հասարակության կողմից  այն լուրջ դիմադրության է արժանացել:
Սակայն առաջին հայացքից անգամ երեւում է, որ այս գումարը, որ կազմում է մոտ 320 հազար դոլար, արդեն իսկ կորած է: Փորձը ցույց է տվել, որ սովորաբար նման ծախսերը գումար լվանալու եւ գրպանելու հրաշալի միջոց են, քանի որ անհնար է վերահսկել, թե այդ դասախոսությունները, որոնց դիմաց իշխանության ներկայացուցիչներին լուրջ հոնորարներ կվճարեն, ինչքանով կլինեն արդյունավետ. չկա դրա չափման միավորը: Ի դեպ, ժամանակին ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել էր «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցով գյուղացիների վերապատրաստման` նրանց համար դասախոսություններ կարդալու նպատակով 16.6 մլն դոլար ծախսելու հարցը: Կառավարությունը փորձեց արդարացումներ ներկայացնել, բայց ապարդյուն. նրանց փաստարկները որեւէ հավատ չէին ներշնչում: Առավել եւս, որ Տ. Սարգսյանն ինքը դասախոսությունների հայտնի սիրահար է. նա դասախոսություններ է կարդում կառավարության նիստերի ժամանակ նախարարների համար, հիշենք նրա հայտնի դասախոսությունը գյուղացիների համար` կովի կրծքերը գոլ ջրով լվանալու, փափուկ սրբիչով չորացնելու, այնուհետեւ նոր կթելու մասին: Հիմա դասախոսության նոր թեմա կա` ինչպես կուտակային կենսաթոշակի միջոցով ապահովել արժանապատիվ ծերություն՝ մինչ այդ հարստացնելով ՀՀ իշխանություններին:
Նման անարդյունավետ ծախսերը, իհարկե, այսքանով չեն ավարտվում: Կառավարությունը 2014թ. պետական բյուջեի շրջանակներում եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ շարունակելու է Պետական հատվածի բարեփոխումների երկրորդ ծրագիրը: Ըստ բյուջեի նախագծի. «Ծրագրի նպատակն է կատարելագործել հանրային հատվածի կառավարման իրականացումը եւ ծառայությունների մատուցումը` քաղաքականության մշակման ոլորտում գերատեսչական հզորությունների ուժեղացման, մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացման եւ ներքին աշխատանքային հոսքերի եւ արտաքին հաղորդակցության համար տեղեկատվական համակարգերի ստեղծման միջոցով»: Նշված է նաեւ, որ այդ աշխատանքների իրականացման նպատակով 2014թ. ծրագրված է ծախսել 847 մլն դրամ: Այդ գումարը, որ կազմում է ավելի քան 2.1 մլն դոլար, պետք է ծախսվի հետեւյալ աշխատանքների վրա՝ «քաղաքականության ձեւավորման եւ ծառայությունների մատուցման ձեւաչափում գերատեսչական կարողությունների զարգացում, հանրային հատվածում մարդկային ռեսուրսների գործունեության արդյունավետության բարձրացում» եւ այսպես շարունակ: Թե որքանով այս գումարը ծախսելով կզարգանան գերատեսչական կարողությունները, մնում է միայն ենթադրել: Համենայնդեպս, փորձը ցույց է տվել, որ նման ոլորտներում հաջողության հասնելու համար հարկավոր է բացառապես քաղաքական կամք, իսկ մնացած գործոններն արդեն երկրորդական են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս