Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ ԱՄՆ–Իսրայել ռազմական գործողություններից հետո։
Հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, որը, ըստ իրանական կողմի, զոհվել է Իրանի դեմ իրականացված ԱՄՆ և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով։
Ի պատասխան՝ Արաղչին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և ներկայացրել Իրանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ռազմական գործողություններից հետո։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները՝ Իրանի դեմ իրականացված ռազմական հարձակման ընթացքում, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ։
Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վճռական են պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը։
Արաղչին անդրադարձել է նաև քաղաքացիական զոհերին՝ հիշատակելով, մասնավորապես, Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցում 168 աղջիկների սպանությունը, ինչպես նաև հիվանդանոցների թիրախավորումը։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել ԱՄՆ–Իսրայել ռազմական գործողություններն ու իրանցի խաղաղ բնակիչների սպանությունը։
Տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում Արաղչին շեշտել է, որ «Իրանը թշնամություն չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ և վճռական է շարունակելու բարիդրացիական հարաբերությունները նրանց հետ»։
Նա հավելել է, որ Պարսից ծոցի որոշ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ Իրանի պաշտպանական գործողությունները չպետք է դիտարկվեն որպես հարձակում այդ երկրների դեմ, այլ որպես օրինական պատասխան ագրեսիայի աղբյուրին։
Իր հերթին, Վան Ին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը Իրանի ինքնիշխանության, անկախության և արժանապատվության պաշտպանությանը՝ միաժամանակ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի «անօրինական ագրեսիան»։
Կողմերը քննարկել են նաև պատերազմի ընթացքում հյուպատոսական համագործակցության հարցերը։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































