ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ

2013թ. նոյեմբերի 7-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՔԾ պետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու համար այն տեղեկությունները, որ ս. թ. նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում իրեն փոխանցել էին նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ձերբակալված Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը: Վերջիններս պատգամավորին հայտնել էին, որ նոյեմբերի 5-ի երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության են ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանի կողմից: Շ. Հարությունյանը Փաշինյանին ասել էր, որ բռնության է ենթարկվել նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի կողմից: Սակայն ՀՔԾ-ն  նոյեմբերի 20-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ն. Փաշինյանի կողմից ՀՔԾ պետին հասցեագրված գրության հիման վրա իրականացվել է հետաքննություն, որի արդյունքներով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել: Այս կապակցությամբ Ն. Փաշինյանը երեկ հայտարարել է. «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշումը համարում եմ չհիմնավորված: Միեւնույն ժամանակ՝ համարում եմ, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց տեսակցությունների վրա դրված արգելքը, որ կիրառվում է ՀՀ ոստիկանության պետի ենթակայության տակ աշխատող քննիչի որոշմամբ, նպատակ ունի խոչընդոտել նոյեմբերի 7-ի իմ գրության մեջ հիշատակված հայտարարությունների օբյեկտիվ նախաքննության ընթացքը եւ այս փուլում ծառայել է իր նպատակին: Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության համար»:

ՄԵՐԺԵԼ ԵՆ

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան տարելիցի կապակցությամբ  երեկ Երեւանի քաղաքային պանթեոնում երգչուհու շիրիմի մոտ տեղի է ունեցել մոմավառություն, որին ներկա են եղել նաեւ երգչուհու որդին եւ դուստրը։ Մոմավառությունը նախաձեռնող Արտակ Աղաջանյանը NEWS.am-ին ասել է, որ իրենք նաեւ դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով թույլտվություն՝ Կարապի լճի հարեւանությամբ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված երեկո կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ այդ վայրում սահադաշտ է կառուցվում:

ՄԵՐ ԴՌՆՈՎ ԷԼ ԱՆՑՆԻ

«Առավոտ»-ի հաղորդմամբ` շաբաթ օրվանից, երբ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի է այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գյումրու որոշ փողոցներում ու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում աննկարագրելի արագությամբ վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Քաղաքի օդանավակայանի տարածքում, Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում ու թատրոնում այնպիսի եռուզեռ է, այնպիսի նախապատրաստական աշխատանք, որ դրանց մոտով անցնող գյումրեցիները կատակում են, թե նամակ չգրենք Պուտինին՝ մի հատ էլ մեր դռներով անցնի:

ԿԾԱՆՈԹԱՑՆԻ

Ավանդաբար հինգշաբթի օրերը կայացող ՀՀ գործադիր մարմնի նիստն այս շաբաթ մեկ օրով հետաձգվել է: Այն կկայանա ուրբաթ օրը՝ ժամը 20:00-ին: Նիստի օրակարգային հարցերից է նաեւ Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի՝ Վիեննայում կայացած հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով` Ս. Սարգսյանն իր կուսակիցներին կծանոթացնի այդ հանդիպման որոշ մանրամասների հետ:




Լրահոս