Արմենուհի Առուշանյանի` արդեն տարիներ շարունակ ձգձգվող դատական վեճերը լուծում չունեն: Առուշանյանն իր օժիտն ու հասանելիք բաժնեմասն է պահանջում, սակայն իրավասու մարմինների կողմից նրա պահանջը չի բավարարվում: Նա բազմաթիվ անգամ դիմել է երկրի նախագահին, գլխավոր դատախազին, վերահսկողական վարչությանը:
Իր նախկին ամուսնուց` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից Արմենուհին պահանջում է ինչպես օժիտը, այնպես էլ իրեն հասանելիք գույքը, տվյալ դեպքում «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենայի համասեփականատիրոջ իրավունքներով իր մասը:
Դատարանը նպատակահարմար չգտավ Վ.Արամյանի կողմից մեքենայի արժեքի կեսի փոխհատուցումը (դատավոր Սարիբեկ Արամյանը եւ նրա փոխնախարար որդի Վ.Արամյանը փող չունեին) եւ որոշում կայացրեց մեքենան վաճառել սակարկություններով: Մինչ այդ մեքենան ի պահ էր տրվել Վ.Արամյանին` արգելելով նրա կամ այլ անձանց կողմից գույքի օգտագործումը: Այդ ընթացքում Վ.Արամյանը դատարան էր ներկայացրել ինչ-որ տեղեկանք մեքենայի հնարավոր վնասների առաջացման կապակցությամբ Ա.Առուշանյանից 520.000 դրամ բռնագանձելու համար (ստուգումներից պարզվել է, որ տեղեկանք տված կազմակերպությունում նման մասնագետներ չկան), որի հիման վրա դատարանը բավարարել էր նման անհեթեթ պահանջը` պարտավորեցնելով Ա.Առուշանյանին` դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցել նշված գումարը: Քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, նույն Վ.Արամյանը որոշ ժամանակ անց նորից դատարան է ներկայացրել նույնաբովանդակ մեկ այլ տեղեկանք` այս անգամ 1.574.000 հազար դրամ բռնագանձելու պահանջով: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր ավտոտնակում կանգնած մեքենան շարունակաբար վնասվել, սակայն զարմանալիորեն դատարանի մտքով էլ չանցավ պատժել իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տվողներին եւ դրանք ներկայացնողներին:
Առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բողոքը գտնվում էր վերադաս դատարանում, երբ ս.թ. մայիսի 23-ին Առուշանյանը պատահաբար նկատում է վիճահարույց «Մերսեդես»-ը, որը կանգ է առնում Արաբկիր թաղապետարանի դիմաց, ուր հավանաբար աշխատում է դատավոր Սարիբեկ Արամյանի մյուս որդին` Հայկ Արամյանը: Առուշանյանը պահանջում է մեքենան բերել ԴԱՀԿ ծառայության հրապարակ, եւ պարզվում է, որ մեքենան ի պահ տալուց հետո կատարել է 19000 կմ վազք: Այսինքն` մեքենան արգելանքի տակ եղած ժամանակ շահագործվել է Արամյանների կողմից` թքած ունենալով արգելանքի մասին որոշման վրա: Այս անգամ ավտոմեքենան կապարակնքվում է եւ ի պահ հանձնվում Վարդան Արամյանին, իսկ Հայկ Արամյանը բանավոր կերպով զգուշացվում, որ մեքենան ոչ ոքի կողմից ենթակա չէ շահագործման:
Ինչեւէ, գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան, որի որոշումը ստանալուն պես Առուշանյանը դիմեց դատավոր Արշակ Պետրոսյանին` կատարողական թերթ ստանալու նպատակով, եւ խնդրեց դատարանից հարգելի համարել բաց թողնված ժամկետը` պատճառաբանելով, որ դատարանի վճիռը բողոքարկված լինելու ընթացքում չէր կարող հարկադիր կարգով կատարվել: Սակայն Առուշանյանի դիմումը մերժվեց թե՛ դատավոր Արշակ Պետրոսյանի կողմից, թե՛ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների կողմից:
Դրանով երեւի թե դատարանները Վարդան Արամյանին հնարավորություն են տալիս խուսափել սակարկությունով մեքենան վաճառելուց, եւ գուցե Արամյանը բաց չթողնի այդ հնարավորությունը եւ այն վաճառի իր ուզած գնով, ինչպես արել է մյուս «Մերսեդես Բենց E200» մեքենայի հետ` շրջանցելով Առուշանյանի իրավունքները:
Դատարանը տարօրինակ կերպով հաշվի չառավ նաեւ այն հանգամանքը, որ մինչ ամուսնալուծվելը Վարդան Արամյանը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրով մուծումներ է կատարել իրենց ընտանիքի ընդհանուր միջոցներից: Այնուհետեւ, լուծելով պայմանագիրը, հետ է ստացել մուծած ողջ գումարը, իսկ Առուշանյանին ոչինչ չի վերադարձրել: Առուշանյանը դատարան է դիմել այդ գումարից իր մասնաբաժինը ստանալու համար: Թեեւ Արամյանը չէր էլ ապացուցել, որ այդ միջոցները եղել են իր միանձնյա սեփականությունը, սակայն դատավոր Արշակ Պետրոսյանը մերժել է հայցը: Գրեթե նույնատիպ որոշում էր կայացվել նույն դատավորի կողմից նաեւ նրանց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված մեկ այլ` «Մերսեդես Բենց E200» ավտոմեքենայի արժեքից Առուշանյանի օգտին գումար բռնագանձելու հայցի կապակցությամբ: Փոխնախարար Վարդան Արամյանը նոտարին է ներկայացրել հայտարարություն, ըստ որի` մեքենան վաճառելու պահին նա ամուսնացած չէր, իսկ նոտարը դիտել է Արամյանին տվյալ մեքենայի միակ սեփականատեր եւ վավերացրել մեքենայի առքուվաճառքը, ըստ որի` իբրեւ թե մեքենան վաճառվել է 1.050.000 դրամով, որի արդյունքում դատարանը դրա կեսը` 525.000 դրամը, հատկացրել է Առուշանյանին: Մինչդեռ եթե Վ.Արամյանը հասարակ քաղաքացի լիներ, դատարանն անպայման կպարզեր, որ տվյալ մեքենայի գինն այդ պահին իրականում մոտ 5.500.000 դրամ էր, եւ մեքենան ձեռք էր բերվել համատեղ ամուսնության ընթացքում:
Նշենք, որ մինչ օրս արգելանքի տակ է գտնվում նաեւ Առուշանյանի հայրական տունը, քանի որ Արամյանն այնտեղից բաժին էր պահանջում:
Մենք փորձեցինք հեռախոսազրույց ունենալ փոխնախարարի հետ, սակայն նա չհամաձայնեց` ասելով, որ փաստաբան ունի, եւ նա է զբաղվում այդ գործերով: «Դուք ձե՛ր գործն արեք, ես էլ իմը կանեմ»,-հոխորտաց փոխնախարարը: Այնուամենայնիվ, ցանկանալով ներկայացնել նաեւ երկրորդ կողմի տեսակետը` մի քանի օր անց կրկին զանգահարեցինք Արամյանին եւ խնդրեցինք իր փաստաբանի հեռախոսահամարը` նրա պարզաբանումները ներկայացնելու համար: Սակայն Արամյանն ասաց, որ դեռեւս փաստաբան չունի, եւ հոդվածը տպագրվելուց հետո եթե անհրաժեշտություն առաջանա, ինքն արդեն մեսիջ կանի իր փաստաբանի հեռախոսահամարը:
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՒՅՔԸ ՉԻ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ