«Այսուհետ ՀՀ եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, հուշամեդալ կրելու, վաճառելու, գնելու, պատրաստելու եւ դրանց շփոթության աստիճանի նմանեցված պատրաստելու դեպքում դրանց իրավունքը չունեցող անձը կենթարկվի ավելի մեծ տուգանքների, քան նախկինում էր»:
Հրայր Թովմասյան «Առավոտ»
Երեւի մարդուն ասվել է, թե լավ չես աշխատում, գոնե մի բա՛ն մտածիր, ներկայացրո՛ւ, որ երեւա, թե գործ ես անում, դրա համար էլ արդարադատության նախարարի մոտ նման հանճարեղ մտահղացում է առաջացել: Ապաշնորհությունն ու անարդար արդարադատությունը քողարկելու համար մնում է ընդամենը գտնել այսպիսի «հույժ կարեւոր» խնդիրներ, ինչպիսին, օրինակ, մեդալներն են ու դրանց համար տուգանքները բարձրացնելը, կարծես թե դա այս երկրի գլխավոր խնդիրն է: Ախր ո՞ւմ դարդն է կտրվել` պատվավոր կոչման կրծքանշան կեղծի` դրանով փողոցում զբոսնելու նպատակով: Գոնե մի եկամտաբեր բան մտածեր:
«Ես ինչքան գիտեմ, որեւէ բողոք չի ներկայացվել: Եթե կեղծիքներ կային, ուրեմն պետք է բողոք ներկայացվեր, այդ բողոքն էլ չի ներկայացվել: Անցել են արդար, թափանցիկ ընտրություններ: Բոլորը ներկա են եղել` ԲՀԿ-ի պատգամավորները, վստահված անձինք, դիտորդներ, բոլորը տեսել են, որ մաքուր ընտրություններ են անցել»:
Հայկ Հայկյան 1in.am
Արարատի նորընտիր քաղաքապետի մեկնարկը համապատասխանեց ընդունված հայաստանյան չափանիշներին: Լինելով իշխանությունների (Գրիգորյան եղբայրների) հովանավորյալ` Հայկ Հայկյանը՝ որպես տիգրանմուկուչյանական դպրոցի սան, փայլուն ունակություններ է դրսեւորում: Ինչպես միշտ, ընտրություններն անցել են արդար ու թափանցիկ, եւ չնայած խախտումների մասին հաղորդագրություններին` այնուամենայնիվ, ոչ մի բողոք չի ներկայացվել: Նախկինում նման դեպքեր կարող էին լինել միայն հնդկական կինոներում եւ հայաստանյան իրականությունում, այսօր` արդեն միայն հայաստանյան իրականությունում:
«Պետք չի մանրանալ: Կտա (աշխատավարձերը), կարո՞ղ ա չտա»:
Հրաչյա Ռոստոմյան Henaran.am
Խնդիրը վերաբերում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահի կողմից ֆեդերացիայի անդամներին 6 ամիս աշխատավարձ չվճարելուն, ինչի կապակցությամբ ֆեդերացիայի անդամներն իրենց բողոքն էին արտահայտել: Եվ պարզվում է` ՀԱՕԿ քարտուղարը, որը նաեւ սպորտի նախկին նախարարն էր, նման բողոքներից նեղսրտում է եւ դա համարում մանրուք: Այդ ինչպե՞ս կարող է մարդը համարձակվել խոսել իր 6 ամիս չստացած աշխատավարձի մասին: Երեւի մոռացե՞լ են, թե որ երկրում են ապրում: Ամոթ է, վերջիվերջո, ի՞նչ աշխատավարձ, կարելի է ձրի էլ աշխատել, ի վերջո, փողը մանրուք է: