ԴԱԴԱՐՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
«Դատարանների նախագահների խորհուրդը վերանում է». նոյեմբերի 16-ից 17-ը Աղվերանում կազմակերպված «Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայի շուրջ կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին հայտարարեց «Ավենյու քընսալտինգ գրուպ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն, դատաիրավական ոլորտի փորձագետ Գեորգի Խաչատրյանը. «Լինելու է նոր մարմին, որը կկոչվի դատավորների խորհուրդ: Հիմնական տարբերությունն այն է լինելու, որ խորհրդում կլինեն ոչ միայն դատարանների նախագահներ (ինչպես այժմ), այլ բոլոր այն դատավորները, որոնք կընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից»: Մեր այն հարցին, թե որն է այս քայլի նպատակը, Գ. Խաչատրյանը պարզաբանեց. «Այս պահին դատական իշխանության ինքնակառավարման գործառույթները կատարվում են միջնորդավորված, այսինքն՝ դատավորները դատարանների նախագահների միջոցով են կատարում դատական համակարգի կառավարումը, եւ դա համահունչ չէ դատավորի անկախության եւ դատական իշխանության ինքնակառավարման սկզբունքին: Ուստի ստեղծվել է այնպիսի մարմին, որ բոլոր դատավորները հնարավորություն ունենան մասնակցելու դատական իշխանության հարցերի լուծմանը»: Ըստ մեր զրուցակցի՝ նախագիծը ներկայացել է Ազգային ժողով, սակայն դեռ օրակարգում ընդգրկված չէ:
ԽՆԴՐԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ
Օմբուդսմենի խորհրդականը երեկ այցելել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող ու դեռեւս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Վերջինս մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաեւ ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` օմբուդսմենի խորհրդականին խնդրելով հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:
ԿՄԵԿՆԵՆ ԻՏԱԼԻԱ
Հռոմում նոյեմբերի 21-23-ը տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաեւ ՀԱՕԿ-ի անդամները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում Իտալիա կմեկնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը եւ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը: Համաժողովի օրակարգում ընդգրկված կարեւոր հարցերից է ԵՎՕԿ-ի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածուն իռլանդացի Պատրիկ Հիկեն է:
ԱՌԵՐԵՍՄԱՆ ՉԳՆԱՑ
Հունիսի 25-ին Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանի աշխատասենյակում լուրջ քաշքշուկի մեջ ընկած Գյումրու բնակիչ Գոհար Հովհաննիսյանը հանրային պաշտպանի կարիք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Գոհարը: «Օրերս ինձ կանչել էին ոստիկանություն՝ նախկին դատախազ Կարեն Շահբազյանի հետ առերեսման, ես հրաժարվեցի առերեսումից եւ հայտարարեցի, որ ինձ պաշտպան է հարկավոր: Մինչեւ պաշտպան չունենամ, ոչ մի քայլի չեմ գնալու: Ի վիճակի չեմ փաստաբան վարձել եւ այդ մասին հայտնել եմ ոստիկանությունում, որ նրանք կարողանան հանրային պաշտպան հրավիրել, սակայն 20 օր է անցել, ու որեւէ արձագանք չկա»,-տեղեկացրեց Գ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանի դեպքում ինքը կկարողանա առավել ուժեղ լինել եւ պաշտպանել իր իրավունքները: