ՑՄԱՀ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, փոխանակ քրեական պատասխանատվության ենթարկվեր՝ մի շարք մարդկանց «քցելու» համար, ընդամենն աշխատանքից հեռացվեց եւ այն էլ՝ առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած պարուսույց Նունե Մկրտչյանը պատմել էր, որ արդեն 4 տարի է՝ դատավորն իրեն խաբում է ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի պարտքը: Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ դատավորը 2012թ. օգոստոսին իր՝ Օրբելու 6 հասցեում գտնվող բնակարանը վաճառել էր Նունեին ու մինչեւ վերջերս հրաժարվում էր լքել այն, սակայն ոստիկանների միջնորդությամբ պարուսույցը կարողացավ բնակարանը վերցնել:
Բայց Նունե Մկրտչյանը միակը չէ, ով խաբվել է դատավոր Հովհաննիսյանի կողմից: Այս տարվա մայիսի 16-ին էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել քաղաքացի Լիդիա Աբրահամյանը, որից դատավոր Հովհաննիսյանը 6000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել եւ խաբելով չէր վերադարձրել: Դատարանը վճռել էր Աիդա Հովհաննիսյանից հօգուտ Լիդիա Աբրահամյանի բռնագանձել 9000 (ինը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Եթե «Ժողովուրդ»-ը չբացահայտեր Աիդա Հովհաննիսյանի արարքները Նունե Մկրտչյանի նկատմամբ եւ չհրապարակեր դատավորի նկատմամբ կայացված խաբեության գործով դատավճիռը, ապա թերեւս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այդպես էլ չէր «արթնանա քնից»:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու համար Արման Մկրտումյանը դիմել էր ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավորի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Շուրջ երկու շաբաթ էթիկայի հանձնաժողովը, քննելով դատավոր Հովհաննիսյանի վարքը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, որոշել է դիմել ՀՀ նախագահին՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու առաջարկությամբ: Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է. «Դատավորի լիազորությունները դադարեցվում են հանրապետության նախագահի կողմից, եթե նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն»: Այսինքն՝ դատավոր Աիդա Հովհաննիսյանը ոչ թե պատժվել է իր իրականացրած քայլերի համար, այլ ընդամենը որ վատառողջ է:
Մինչդեռ հաշվի առնելով Աիդա Հովհաննիսյանի վարքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախ պետք է միջնորդեր, որ դատավորի դեմ նվազագույնը խուլիգանական արարքի համար քրեական գործ հարուցվեր: Սակայն Մկրտումյանն առավել «ներողամիտ» գտնվեց՝ սահմանափակվելով միայն լիազորությունները դադարեցնելով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Աիդա Հովհաննիսյանի քրոջ՝ Ադելինա Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է մտածում նախկին դատավորն իր հետ տեղի ունեցածի մասին, սակայն քույրը հրաժարվեց խոսել. «Ինչ ուզում եք, գրե՛ք, մեզ հետաքրքիր չէ, բայց մի բա՛ն հիշեք՝ հետո չփոշմանեք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս