Քիչ առաջ խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Վանիկ Օհանյանի թեկնածությունը։ Վերջինս խորհրդարանում հայտնվելուց ի վեր չի թաքցրել, որ ցանկանում է գլխավորել հենց այս հանձնաժողովը։
107 պատգամավորից փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64–ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ 64, դեմ 0։
Հիշեցնեք, որ նախկինում այդ պաշտոնում ընտրվել էր ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։
44-ամյա Վանիկ Օհանյանը ծնվել է Վանաձորում, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը։ Մինչ քաղաքական գործունեությունը ղեկավարել է բժշկական հաստատություններ և հիմնել սեփական ստոմատոլոգիական կենտրոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումանսիրել է պատգամավորի հայտարարգիրը , ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի ՝ Վանիկ Օհանյանը Վանաձոր քաղաքում ունի չորս միավոր անշարժ գույք։
• Բնակարան – ձեռք է բերվել 26/10/2015թ․, նվիրատվությամբ, միանձնյա սեփականություն։
• Հասարակական նշանակության շինություն – ձեռք է բերվել 18/04/2017թ․, գնման եղանակով, միանձնյա սեփականություն։
• Ավտոտնակ – ձեռք է բերվել 01/01/2018թ․, գնման եղանակով, միանձնյա սեփականություն։
• Հողամաս – ձեռք է բերվել 12/08/2005թ․, գնման եղանակով, միանձնյա սեփականություն։

Բոլոր անշարժ գույքերը հանդիսանում են նրա միանձնյա սեփականությունը։
Տրանսպորտային միջոց
Պատգամավորը հայտարարագրել է նաև 2009 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի հուլիսի 29-ին՝ գնման եղանակով։

Դրամական միջոցներ
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 23,376 դրամ
• Կանխիկ դրամ՝ 2,500,000 դրամ
• Կանխիկ արտարժույթ՝ 4,000 ԱՄՆ դոլար


Հաշվետու տարվա ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 3,959,590 դրամ։ Այդ գումարի մեջ ներառված են աշխատավարձերը «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ից և «Օհանյան Կլինիկա» ՍՊԸ-ից, քաղաքացիաիրավական պայմանագրից ստացված եկամուտը «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանից, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված 1,000,000 դրամ միանվագ վճարը։
Բացի այդ, նա նույն տարում ստացել է 1,187,226 դրամ վարկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից, և տարվա վերջի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է նույնքան։
Վանիկ Օհանյանը հանդիսանում է «Օհանյան Կլինիկա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, սակայն 2020 թվականի դեկտեմբերի 25-ին իր բաժնեմասը փոխանցել է հավատարմագրային կառավարման, Մանուշակ Օհանյանին։

Ժողովուրդ օրաթերթի ուսումանասիրությունների արդյունքում պարզվեց, նաև, որ Օհանյանը հանդիսանում է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի խորհրդի նախագահ։


Հայտարարագրի տվյալներում ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ բանկային հաշիվներում առկա միջոցները համեմատաբար փոքր չափի են, մասնավորապես՝
2021 թվականին- 4,350 դրամ
2022 թվականին- 15,000 դրամ,
2023 թվականին- 0 դրամ,
2024 թվականին՝- 23,376 դրամ,
այն դեպքում, երբ աշխատավարձերն ու այլ եկամուտները ստացվում են անկանխիկ՝ բանկային փոխանցումների միջոցով։ Միաժամանակ հայտարարագրված է զգալի չափով կանխիկ գումար՝
2021 թվականին-10,000 ԱՄՆ դոլար , 3,500,000 դրամ,
2022 թվականին-7,800 ԱՄՆ դոլար, 2,500,000 դրամ,
2023 թվականին- 6,200 ԱՄՆ դոլար, 2,800,000 դրամ,
2024 թվականին- 4,000 ԱՄՆ դոլար, 2,500,000 դրամ,
ինչը կարող է դառնալ հանրային քննարկման առարկա՝ ֆինանսական թափանցիկության համատեքստում։
Սոնա Գրիգորյան

























































































