Այսօր երեկոյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի (ՌԱ) մոսալլայում (աղոթավայրում) կսկսվի հրաժեշտի արարողություն՝ նվիրված Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։
Իսլամական զարգացման համակարգման խորհուրդը հայտնել է, որ արարողությունը կմեկնարկի երեկոյան ժամը 22:00-ին և կշարունակվի երեք օր։ Խորհրդի ղեկավարի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ է նաև Այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության կազմակերպման գործընթացը։
Ըստ հաղորդագրության՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը զոհվել է շաբաթ օրը Թեհրանում գտնվող իր գրասենյակի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։
Իրանի նախարարների կաբինետը հայտարարել է 40-օրյա ազգային սուգ՝ Այաթոլլահ Խամենեիի մահվան կապակցությամբ։
Նշվում է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակման հետևանքով զոհվել են նաև մի շարք բարձրաստիճան ռազմական հրամանատարներ և հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Իրանը, իր հերթին, հայտարարել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության մեկնարկի մասին՝ իրականացնելով հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ Իսրայելի թիրախների և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























