Նախօրեին Շիրակի մարզի պանրագործների եւ ձկնագործների մասնակցությամբ Գյումրիում քննարկում էր կազմակերպվել «Ագրոբիզնեսի զարգացման հեռանկարները» թեմայով, որի ընթացքում նոր, անսովոր առաջարկներ հնչեցին:
«Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին «ուշագրավ» ծրագիր, ըստ որի` կառավարությունը, ներդրում կատարելով կամ աջակցելով փոքր ու միջին բիզնեսին, գործարարների հետ դառնում է փայատեր ո՛չ ավել, ո՛չ պակաս 45 տոկոսով: «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրեն Աղասի Պետրոսյանի կարծիքով` դա հնարավորություն կստեղծի խթանել փոքր ու միջին բիզնեսի զարգացումը. «3-ից 7 տարվա ընթացքում 20-200 մլն դրամ ներդրում իրականացնելով` ինքը դառնում է բաժնետեր»:
Զրուցեցինք քննարկմանը ներկա գործարարներից մի քանիսի հետ, ովքեր նախ եւ առաջ արտահայտեցին իրենց թերահավատությունը կառավարության «աջակցության» վերաբերյալ, բացի այդ, նրանք նաեւ մտավախություն ունեն, որ կառավարությունը հենց այնպես չէ, որ ուզում է աջակցել. նպատակները շահադիտական են, այսինքն` ե՛ւ փորձում են շահույթ ստանալ փոքր ու միջին բիզնեսի ստացած չնչին եկամուտների հաշվին, ե՛ւ վերահսկողություն սահմանել: «Սրանով նոր մշակույթ է ձեւավորվում, եւ անհրաժեշտ է նոր մտածելակերպ»,-գործարարներին հակադարձում է Աղասի Պետրոսյանը:
«Ներդրումները վերաբերում են հիմնական միջոցներին: Հիմնական միջոց ես ունեմ: Ինձ շրջանառու միջոցներ են պետք, որոնք չեն տրամադրում: Դրա համար էս ամեն ինչն անհետաքրքիր էր: Իրանք գումար են տալիս սարքավորումներ ձեռք բերելու համար, բայց ես ունեմ էդ ամեն ինչը»,-շեշտեց պանրագործ Գալուստ Շահբազյանը: Նրա խոսքերով` իրենց աշխատանքը սեզոնային է, եւ եթե ռեալ աջակցություն չլինի, գործարարի համար դժվար կլինի այս շուկայում գործունեություն ծավալել: Հիմա գործն ավելի է բարդացել: Նախորդ տարվա համեմատ արտադրանքի սպառման խնդիր եւս ունեն:
Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորիկ Շաբոյանի խոսքերով էլ իրենք աշխատում են վարկերով, որոնք բարձր տոկոսադրույքով են. «Էսօր լատարիա ենք խաղում. էս բանկից վերցնում, մյուս բանկին ենք տալիս: Տոկոսները շատ բարձր են»:
Ծրագիրը կաշխատի՞ Շիրակի մարզում, թե՞ ոչ` պարզ կդառնա որոշ ժամանակ անց, երբ հերթական հանդիպման ընթացքում այն գործարարները, որոնք որոշել են իրենց գործի փայատեր դարձնել կառավարությանը, կարձագանքեն, թե ինչ դրական արդյունքներ են ստացել այդ նոր մշակույթի կիրառման հետեւանքով:
Գյումրի