ՈՒԹ ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6 ՕՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 օրվա ընթացքում 8000-ից ավել մարդ է ստորագրել ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի գների թանկացման: «Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից սկսված 10-օրյա ստորագրահավաքի արդյունքում մտադիր է հավաքել նվազագունը 40.000 ստորագրություն, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հանրաքվե պահանջելու հնարավորություն ստանա:

«Մարզերում եւս մեկնարկելու է այս ակցիան, շաբաթ եւ կիրակի օրերին Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում մեր ակտիվիստներն իրականացնելու են ստորագրահավաք ժողովրդի ձայնը համապատասխան ատյաններում լսելի դարձնելու նպատակով: 2200-ից ավելի համախոհներ ունենք, մեզ է միացել նաեւ «Հայազն» կուսակցությունը, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ ՀԱԿ-ից, ակտիվիստներ «Նախախորհրդարան»-ից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության ակտիվիստ Անի Կաղինյանը: Նրա խոսքով՝ դեռ օգոստոսին հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի գների, իրենց համոզմամբ, ապօրինի թանկացման, դատարանը գործը վարում է գրավոր ընթացակարգով, դեկտեմբերի 21-ին լինելու է դատարանի վճիռը, իսկ մինչ այդ իրենք փորձելու են ստորագրահավաքների միջոցով հասարակության շահերը պաշտպանել:
«Ստորագրություններ ընդունում ենք ամեն օր՝ ժամը 12:00-ից մինչեւ 20:00-ն: Սկզբում տարեց մարդիկ, թոշակառուներն էին առավել հետաքրքրված ու շահագրգռված, իսկ հիմա արդեն երիտասարդների մեծ հոսք ենք նկատում, ովքեր ստորագրում ու իրենց զորակցությունն են հայտնում այս նախաձեռնությանը»,-նշեց Ա. Կաղինյանը: Վերջինիս հավաստմամբ՝ որեւէ ճնշում կամ խոչընդոտ նշյալ նախաձեռնության հանդեպ չի նկատվել, ավելին, ոստիկանները պատրաստակամություն են հայտնել աջակցել՝ հետամուտ լինելով, որ ստորագրահավաքն ընթանա առանց արտակարգ իրավիճակների:
Նշենք, որ նոյեմբերի 19-ի դրությամբ արդեն 7000 քաղաքացի ստորագրել էր՝ ընդդեմ գազ եւ էլեկտրաէներգիայի գների թանկացման: Թվային հաշվարկով միայն մայրաքաղաքում օրական միջինը մոտ 1000 մարդ է ստորագրում: Ակտիվիստները համոզված են, որ թիվը անհամեմատ կավելանա, երբ ներգրավվեն նաեւ մարզերը:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս