Սուրճի միջազգային շուկայում վերջին 2 տարիներին գների աստիճանական իջեցում է արձանագրվել. օրինակ` արաբիկա սուրճի 1 ֆունտի (453 գրամ) դեկտեմբերյան բորսային արժեքն իջել է մինչեւ 1 դոլար (1 կգ-ն 2,2 դոլար) ինչը վերջին տարիների նվազագույն ցուցանիշն է: Սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել հայկական շուկայում վաճառվող սուրճի գնի վրա: Իսկ թե ինչու, սուրճ արտադրող կամ ներկրող ընկերությունները «Ժողովուրդ»-ին ներկայացրին տարբեր բացատրություններ: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` սուրճի հայաստանյան շուկայի մի զգալի մասը մատակարարում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունները:
Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստան է ներկրվել շուրջ 8 մլն 20 հզ. կգ սուրճ, արտահանվել է մոտ 835,000 կգ: Հիմնական մասը Հայաստան է տեղափոխվել Ինդոնեզիայից (շուրջ 6 մլն 200 հզ. կգ) եւ Վիետնամից (շուրջ 1 մլն 500 հզ. կգ): 1 կգ-ն 1000 դրամ մաքսային միջին արժեքով սուրճը տեղական մանրածախ շուկայում վաճառվում է սկսած մոտ 2200 դրամից: Եթե թանկացումների պարագայում հայաստանյան պատասխանատուները չեն հապաղում նշել, որ այս կամ այն ապրանքի գինն աճում է` պայմանավորված միջազգային շուկայում դրա թանկացմամբ, ապա հակառակ դեպքում, երբ միջազգային շուկայում գրանցվում է ապրանքի գնանկում, նրանք չեն կարող նույն փաստարկը բերել, քանզի անկախ միջազգային շուկաներում գրանցված էժանացումից` ՀՀ-ում տվյալ ապրանքի գինը չի իջնում: Ասվածի վառ օրինակն է հատիկավոր եւ լուծվող սուրճը: Սակայն, մինչ սուրճի հայաստանյան շուկային անդրադառնալը, նախ հանգամանորեն ուսումնասիրենք միջազգային շուկայի գները:
Սուրճի համաշխարհային սպառման 70-80%-ը բաժին է ընկնում արաբիկա տեսակին. 2010թ. երկրորդ կեսից «Միջմայրցամաքային» բորսայում (Entercontinental Exchange) արաբիկայի 1 ֆունտի արժեքը 1,3 դոլարից սկսեց բարձրանալ եւ 2011թ. առաջին կեսին հասավ 3 դոլարի (1 կգ-ն 5,5-ից 6,6 դոլար): Իսկ արդեն 2011-ի կեսերից մինչ օրս արաբիկայի գինը միայն նվազել է: Միջմայրցամաքային բորսայում արաբիկա սուրճի 1 ֆունտի արժեքն իջել է մինչեւ 1 դոլարի սահմանը, ինչը վերջին տարիների նվազագույն ցուցանիշն է:
Միջազգային շուկայի սպառման 20-ից 30%-ը կազմող ռոբուստա սուրճի մեկ տոննայի արժեքը Լոնդոնի միջազգային բորսայում նոյեմբերին տատանվում է 1500 դոլարի սահմաններում (1 կգ-ն 1,5 դոլար): Ռոբուստայի գնաճը սկսվել էր 2010-ի սկզբներից, երբ 1 տոննան շուրջ 1200 դոլար էր, 2011-ին ռոբուստայի տոննայի արժեքը հասավ շուրջ 2500 դոլարի, ինչին, սակայն, հաջորդող տարիներին հետեւեցին գնի տատանումները` 1700-2200 դոլարի սահմաններում: Այսպիսով` միջազգային շուկայում արաբիկայի գինը 2011-ի կեսերից մինչ օրս նվազել է շուրջ 50-ից 60%-ով, ռոբուստայինը` 20-30%-ով:
Մասնագետները սուրճի գնանկումը բացատրում են մի շարք երկրներում, հատկապես Բրազիլիայում առատ բերքի առկայությամբ: Բայց եւ այնպես, բրազիլական պլանտացիաների բարեբերությունը որեւէ կերպ չի ազդում հայաստանյան սրճասերների գրպանի վրա. ՀՀ-ում այդպես էլ սուրճի գնանկում չի արձանագրվում: Իսկ թե ինչու, այս հարցին ի պատասխան` «Ռոյալ Արմենիա» ընկերության գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ համաշխարհային բորսաներում սուրճի որոշակի գնանկում նկատվում է, այդուհանդերձ, Հայաստանում հնարավոր չէ ակնկալել գնանկում, քանի որ կան լրացուցիչ հանգամանքներ, որոնք այստեղ ձեւավորում են վերջնական գները:
«Անկախ համաշխարհային բորսաներում սահմանված գներից` հնարավոր չէ առանց միջնորդ-արտահանող ընկերության ձեռք բերել վաճառվող սուրճը: Նույնիսկ գնանկման պարագայում միջնորդները հիմնականում ավելացնում են այնպիսի հավելյալ արժեքի գործակիցներ, որոնց դեպքում վերջնական արդյունքում սուրճը ձեռք բերող ընկերությունները մեծ տարբերություն չեն զգում,-ներկայացրեց Մ. Համբարձումյանը` հավելելով, որ սուրճ ներկրող ընկերությունների պարագայում պետք է հաշվի առնել նաեւ տրանսպորտային ծախսերը:-Այս պահի դրությամբ աճել են բեռնափոխադրումների սակագները, որոնք ստեղծում են լրացուցիչ խնդիրներ: «Ռոյալ Արմենիա»-ն իր կողմից վերամշակվող կանաչ սուրճը ձեռք է բերում պարբերական կարգով ամբողջ տարվա ընթացքում տարբեր երկրներից, այդ թվում Կոլումբիայից, Բրազիլիայից, Ինդոնեզիայից եւ Վիետնամից»:
Իսկ ահա «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունից մեզ հավաստիացրին, որ եկող տարվանից վերանայելու են իրենց գնացուցակը: «Եթե համաշխարհային գնանկում է տեղի ունեցել, այն կանդրադառնա նաեւ մեր գնացուցակի վրա, սակայն քանի որ արդեն այս տարվա կտրվածքով պատվիրված է որոշակի գնով, մենք սակագին նվազեցնել չենք կարող»,-նշեց ընկերության փոխտնօրեն Ձիլա Թանգուկյանը:
Գնային քաղաքականության մասին որոշակի հստակեցումներ անելն առավել բարդ էր լուծվող սուրճ ներկրող ընկերությունների պարագայում: Վերջիններս այնքան էլ հակված չէին հաղորդակցվել լրատվամիջոցների հետ. «Նեսկաֆե» ներկրող «Նյուֆորս» ընկերությունից մեզ ասացին` քանի որ իրենց ղեկավարությունը երկրում չէ, չեն կարող որեւէ մեկնաբանություն տալ: Փաստորեն, բացի տնօրենից ու փոխտնօրենից` լրագրողների հետ համագործակցող որեւէ պատասխանատու չունեն: Համարյա նույն պատմությունն էր նաեւ «Ջակոբս»-ի ներկրմամբ զբաղվող «Մարսերալ» ընկերության դեպքում. այստեղ եւս տնօրինությունը տեղում չէր, իսկ աշխատակիցն օգտակար լինել չկարողացավ:
Նշենք, որ ըստ մեր հավաստի աղբյուրների` հայաստանյան շուկայում լուծվող սուրճի ներկրմամբ զբաղվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Սակայն երբ «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ, վերջինս հերքեց այդ լուրերը` տալով նման իրավիճակներում հնչեցվող ստանդարտ պատասխանը. «Ես պատգամավոր եմ, ինչպե՞ս կարող եմ բիզնես ունենալ»:
Ինչեւէ, սուրճը ՀՀ-ում, ի հեճուկս միջազգային գների, համառորեն չի էժանանում: Թեեւ ընկերությունները մեջտեղ են բերում տարատեսակ փաստարկներ` հիմնավորելու համար իրենց գնային քաղաքականությունը, այդուհանդերձ, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչու են միջազգային գներն անդրադառնում հայաստանյան գների վրա միայն թանկացումների դեպքում: Ուստի այս իրավիճակում սրճասեր հայ ժողովրդին մնում է միայն սուրճի մրուրի գուշակությանն ապավինել` պարզելու, թե առաջիկայում ինչ գնով սուրճ կգնեն:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ