Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդի անունը կհայտարարվի ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ, լրագրողներին հայտնել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։
«Փորձագիտական խորհուրդը բաղկացած է մի քանի գիտնականից, և նրանք կընտրեն նոր ղեկավար։ Նրանք պետք է որոշեն թեկնածուներին և որոշում կայացնեն։ Նոր ղեկավարի անունը կհայտարարվի ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ», – դիվանագետի խոսքերն է մեջբերել Belta լրատվական գործակալությունը։
Սանեին ընդգծել է, որ երկրի ներսում իրավիճակը վերահսկվում է.
«Մեր թշնամիները սխալ հաշվարկներ էին արել՝ մտածելով, որ մեր համակարգը կփլուզվի երկրի ղեկավարության սպանության հետ մեկտեղ։ Մեր համակարգը գոյություն ունի, քանի որ այն հույսը դնում է ժողովրդի ուժի վրա և այն կշարունակի առաջ շարժվել», – հավելել է դեսպանը։
Նա անընդունելի է անվանել քաղաքացիական թիրախների՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները, որոնց հետևանքով զոհվել են իրանցի խաղաղ բնակիչներ, և հայտարարել է իրանցիների վճռականության մասին՝ շարունակելու պայքարը։
«Իրանցիները չեն հանձնվում։ Շատերը զարմացած են, որ 47 տարվա պատժամիջոցներից հետո Իրանը կարող է արձագանքել այս հարձակմանը։ Պատերազմը մեր ընտրությունը չէ։ Մենք ընտրել էինք դիվանագիտությունը», – ասել է դեսպանը։























