ՏՆՕՐԵՆԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Է ՏԵՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս նոյեմբերին «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության մի խումբ աշխատակիցներից բողոք էր ստացել: Վերջիններիս խոսքերով` իրենց ղեկավարությունը ստիպել է իրենց բաց նամակ գրել Սերժ Սարգսյանին եւ խնդրել, որ կազմակերպության ղեկավար Գագիկ Վարդանյանին աշխատանքից չհեռացնեն: Մեր հրապարակումը պատճառ է դարձել, որ վարկային կազմակերպության ղեկավարն աշխատանքից ազատի իր փորձառու աշխատակիցներից մեկին` Սոնա Վարդանյանին:  
Մեր թերթում գրել էինք, որ մի խումբ աշխատակիցներ բողոքել են տնօրեն Գագիկ Վարդանյանի աշխատանքից, ներկայացրել էինք նաեւ վերջինիս մեկնաբանությունը: Հրապարակումից որոշ ժամանակ հետո «Ժողովուրդ»-ն էլեկտրոնային նամակ ստացավ, որտեղ ոմն Սոնա Վարդանյան գրում է, թե ինքը «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում էր աշխատում, եւ մեր հրապարակումը պատճառ է դարձել, որ իրեն աշխատանքից հեռացնեն: Սոնան պահանջում է բացահայտել մեր աղբյուրը, որպեսզի տնօրենն իրեն չմեղադրի այդ ամենում:
Նամակում Սոնա Վարդանյանը մասնավորապես գրում է. «2006թ. դեկտեմբերի 1-ից աշխատում եմ «Կամուրջ» վարկային կազմակերպությունում: Մինչեւ այսօր անդավաճան եմ եղել մեր կազմակերպության առաքելությանը, ջանացել եմ հասնել ինձնից սպասվող արդյունքներին եւ գերազանցել այն սահմանագիծը, որը նույնիսկ չէր սպասվում: Ձեր թերթի 19.11.11թ. համարում տպագրված հոդվածը՝ մեր կազմակերպության «ներքին խոհանոցի» մասին, դարձավ իմ 5 տարվա անբասիր աշխատանքային պատմության վրա սփռված մի քող: Մինչ այդ օրը ես մեր տնօրենից որեւէ անվստահության, որեւէ վատ վերաբերմունքի չէի արժանացել:
Մեր տնօրենը սույն թվականի նոյեմբերի 22-ին հրավիրեց իր աշխատասենյակ եւ կասկած հայտնեց այդ հոդվածում իմ մասնակցության մասին, ընդհուպ սպառնաց, մեջբերում եմ նրա խոսքերը. «Թերթում անբարո հոդված է տպագրվել մեր կազմակերպության մասին, եւ եթե ես իմանամ, որ քո մատը խառն է այդ գործին,  դու 1 օր չես աշխատի այս կազմակերպությունում, քանի որ ինձ ուզում են վնասել ներսից, իսկ ես կվնասազերծեմ այդ վնաս հասցնողին»»,-նշում է նամակագիրը:
Ըստ Սոնա Վարդանյանի` տնօրենն իրեն առաջարկել է թերթը կարդալ: «Հետո իրեն «խոստովանեմ» կամ հայտնեմ իմ կասկածները մյուս աշխատակիցների վերաբերյալ, որպեսզի ինձ համար վատ չլինի, քանի որ միեւնույն է,  նա պարզելու է, թե ով է այդ նյութի աղբյուրը: Իսկ մի քանի օր անց, երբ ես կրկին պնդեցի, որ  տեղյակ չեմ եւ որեւէ մասնակցություն չեմ ունեցել, նա ասաց` լավ,  թողնենք այդ թեման,  եւ տեղեկացրեց, որ պատրաստվում է ինձ ազատել աշխատանքից: Իհարկե, նշելով, որ  «նրա որոշումը թերթի հետ կապ չունի», պարզապես իմ պահվածքն ադեկվատ չէ իմ աշխատանքի արդյունքներին: Ես զանգահարեցի ձեր խմբագրություն եւ խնդրեցի, որ հայտնեք ինձ, թե ովքեր են տրամադրել ձեզ տեղեկություններ, իսկ դուք կտրականապես մերժեցիք ինձ»,-եզրափակում է Սոնան:
Իհարկե, մենք մեր աղբյուրները չենք բացահայտելու, մենք դրա իրավունքն ունենք, բայց թե ինչու է հարգարժան տնօրենն իր աշխատողի հետ հաշվեհարդար տեսնում այն պատճառով, որ «Ժողովուրդ»-ը գրել է իր թերի գործունեության մասին,  անհասկանալի է: Այսինքն` աշխատակիցները դժգոհելու իրավունք չունեն եւ եթե օրերից մեկ օր համարձակվում են բողոքել, անմիջապես հեռացվում են աշխատանքից:
Զրուցեցինք «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավար Գագիկ Վարդանյանի հետ` պարզելու համար, թե ինչու է նման քայլի դիմել, եւ ինչու է իր աշխատակիցը պահանջում բացահայտել մեր աղբյուրները: Վարդանյանն ասաց, որ մեր հրապարակումը որեւէ կապ չունի Սոնա Վարդանյանի` աշխատանքից ազատման հետ. «Իր աշխատանքից հեռանալը Ձեր թերթի հոդվածի հետ որեւէ առնչություն չունի, ինքը շատ լավ գիտի… իր կողմից տրված վարկերը բարձր ռիսկայնություն ունեն, եւ իրեն աշխատանքից ազատելը հենց էտա, որի համար մենք շատ անհանգստացած ենք»:
Վերջինս ասաց, որ մեր հոդվածի առնչությամբ եւս խոսակցություն ունեցել է Սոնա Վարդանյանի հետ. «Շատ շատերի հետ ենք խոսել, իրա ազատման պատճառը գրության մեջ կա, հոդվածն ընդհանրապես առնչություն չունի, ժամանակին ինքը նորմալ աշխատել ա, բայց երկուսուկես ամիս ա` խնդիրներ կար»: Անշուշտ, Վարդանյանի հավաստիացումները սպասելի էին, բայց թե ինչու է նոր հասկացել, որ Սոնան լավ աշխատող չէ, պարզ չէ:  Փաստ է, որ մեր հոդվածից հետո է Սոնային իր աշխատասենյակ հրավիրել եւ սպառնացել, որ աշխատանքից ազատելու է: Զրուցեցինք նաեւ Սոնա Վարդանյանի հետ, վերջինս ասաց. «Նախ` այդ վարկերի խմբերի ռիսկայնությունը շատ հարաբերական հարց է, տարիներ շարունակ եղել են ավելի ռիսկային խմբեր, բայց այդ ժամանակ որեւէ աշխատող չի ազատվել, իսկ ինչո՞ւ հենց իմ դեպքում նման բան եղավ»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս