ԱՄԻՍՆԵՐՈՎ ՔՆԵԼ Է ԱԹՈՌԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 12:00-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ կազմակերպել էր ակցիա ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված եւ տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գեւորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով: Հիշեցնենք այդ սահմռկեցուցիչ պատմության մանրամասները, թե որտեղից սկսվեց աղջկա կյանքի դժոխային էջը:
Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գեւորգյաններից խնդրել է իրենց դստեր` Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն` 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծվել է հարսի տեսողական խնդիրների պատճառով: Գեւորգյանները վստահության խնդիր չունեին. Հայկանուշը նրանց միջնեկ դստեր սկեսրոջ հարազատ քույրն է: 2009թ. դեկտեմբերի 22-ին Մարիամն ու սկեսուրը մեկնել են Սանկտ-Պետերբուրգ: Աղջկա կյանքի մղձավանջը սկսվել է հունվարի 6-ին`  Սուրբ ծննդյան օրը:
Հետաքննող լրագրողներին Մարիամը պատմել է, որ բացի ամուսնու եղբայրներից, ընտանքի մյուս անդամները նրան ծեծի են ենթարկել` ծակծկելով պատառաքաղով, տաք արդուկով այրել  են մեջքը, պոկել մազերը, կրակայրիչով վառել լեզուն, հետո բերանում օճառ լցրել, որ մրմռա (լեզուն այրել է գրտնակի սպառնալիքի տակ, երբ հարսը համառել է, սկեսուրը գրտնակով հարվածել է): Նրան նույնիսկ թույլ չեն տվել անկողնում քնել. անկյուն են կանգնեցրել այնքան, որ ոտքերն ուռել են, եւ «ընտանիքի» անդամները ստիպված նրան «խնայել» ու աթոռ են տվել, որ նստի. ամիսներ շարունակ նստած է քնել: Աղջիկը մի քանի անգամ փորձել է փրկվել` թղթի վրա գրելով «օգնեցեք» ու նետելով պատուհանից, սակայն իմանալով դրա մասին` ամուսինն ու սկեսուրն էլի մի լավ ծեծ են տվել:
Մարիամի հայրը պատմել է, որ միշտ, երբ ինքը զանգել է, մի տասը րոպե սպասեցնելուց հետո նոր են լսափողը տվել իր աղջկան, իսկ վերջինս հեռախոսազանգերին միշտ պատասխանել է շատ կարճ: Մի շարք հեռախոսազանգերից հետո հայրը սկսել է կասկածել: Երկար փնտրտուքից հետո գտել է իր աղջկա ամուսնու նախկին կնոջը, եւ վերջինիս մայրը խորհուրդ է տվել շուտ փրկել աղջկան` պատմելով, որ իր աղջկան սկեսուրն ու ամուսինն են կուրացրել:
Այսպիսով` հայրը խնդրել է իր աղջկան հետ ուղարկել, քանի որ ահավոր կարոտել է, իսկ  ամուսինն ասել է, որ չի ցանկանում կնոջն այդպես երես տալ: Մարիամն ամեն անգամ  թախանձագին խնդրել է իրեն վերադարձնել անձնագիրը, բայց նրան չեն թողել, որ հետ գա` ասելով, թե նա  տան ստրուկն է:
Մի օր, երբ Դավիթը քնած է եղել, սկեսրայրը տանից բացակայել է,  իսկ  Հայկանուշն էլ զանգելիս է եղել, Մարիամը փախել է տնից: Նա այնքան անկարող է եղել շարժվել, որ հետ է վերադարձել շենք եւ բախել հարեւան Տանյայի դուռը: Վերջինս խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն, սակայն աղջիկը վախեցել է: Մարիամին առավոտյան գտել են, եւ ամուսինը դանակահարել է նրան տնից փախչելու համար: Նրանց մեջ կասկած է ընկել, որ Տանյային  մի բան ասած կլինի, եւ 2 շաբաթ Մարիամի վերքերը սպիացնելուց  հետո նրան հոկտեմբերի 15-ին ուղարկել են Հայաստան: Այստեղ նա իր ընտանիքին պատմել է գլխին եկածը: Հոկտեմբերի 25-ին Մարիամ Գեւորգյանը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել: Շուտով Դավիթին մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ»  հոդվածներով: Մարիամի հոր հավաստմամբ` դատախազը սկզբում իրենց  կողմն է պահել, բայց երբ հանդիպել է նախկին փեսայի` Դավիթի փաստաբանի հետ, մի տեսակ փոխվել է իրենց հանդեպ: Դավիթը հրաժարվել է մեղադրանքներից եւ ասել, թե ինքն ընդամենը մի քանի անգամ է կնոջը հարվածել: Արդյունքում նրա նկատմամբ կիրառվել է համաներում, իսկ սկեսուր Հայկանուշ Միքայելյանը միայն երեկ է Սանկտ-Պետերբուրգից բերման ենթարկվել Հայաստան եւ ձերբակալվել:

Պատրաստեց ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ




Լրահոս