ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի շուրջ 50 ՔՊ-ականների հետ շաբաթ օրը՝ մարտի 7-ին, մեկնել Շիրակի մարզ։
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզում արդեն իսկ «պատրաստություն» են տեսնում Փաշինյանի դիմավորման հետ կապված։
Առաջինը նախատեսված է լինել Արթիկում, որտեղ ՔՊ-ականներն ամեն բան անում են, որպեսզի արթիկցիները «հարձակումներ» չգործեն Փաշինյանի ու ՔՊ-ականների վրա։ Նպատակը՝ կանխել անկանխատեսելի իրավիճակները և հնարավոր բախումները։
Արթիկի ընդդիմադիրներին ևս զգուշացված է փողոցներում «չկտրել» Փաշինյանի դեմն ու հարցեր չուղղել։ Տեղի իշխանական շրջանակները փորձում են այցն անցկացնել վերահսկելի պայմաններում՝ ապահովելով կազմակերպված ընդունելություն և նվազագույնի հասցնելով բողոքի ակցիաների հավանականությունը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կիրակի Նիկոլ Փաշինյանը ավտոբուսով ՔՊ-ականների հետ շրջել է Արմավիրի և Լոռու մարզերում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակիչների հետ։ Այդ այցերի ընթացքում ևս նկատվել էր ուժեղացված անվտանգություն, ինչպես նաև ընդդիմադիր խմբերի դժգոհության դրսևորումներ։
Ըստ մեր տեղեկությունների՝ Շիրակի մարզ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ տեղական ակտիվի, համայնքապետերի և կուսակցական ներկայացուցիչների հետ։ Չի բացառվում նաև փակ ձևաչափով քննարկում մարզային կառույցների հետ՝ առաջիկա քաղաքական գործընթացների և կազմակերպչական հարցերի շուրջ։
ArmLur.am-ի աղբյուրները նշում են, որ իշխանական շրջանակներում մտահոգություն կա հատկապես սոցիալական խնդիրների բարձրաձայնման և սուր հարցերի ուղղման հետ կապված, ինչի պատճառով փորձ է արվում նախապես «կանխարգելել» հնարավոր լարված դրվագները։
Թե որքանով կստացվի ապահովել լիարժեք վերահսկելի միջավայր և խուսափել բողոքի դրսևորումներից, պարզ կդառնա արդեն շաբաթ օրը։
Սոնա Գրիգորյան





























