ԱՌԱՋԻՆԸ ՄԱԴՈՆՆԱՆ Է
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2013-ի 25 ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է ամերիկացի երգչուհի Մադոննան: Ըստ ամսագրի` մեկ տարում երգչուհին աշխատել է 125 մլն դոլար, որի մեծ մասը ստացվել է համերգների տոմսերի վաճառքից: 80 մլն դոլար տարեկան եկամուտով երկրորդ տեղում է Լեդի Գագան: Նրան հաջորդում է ռոք երաժիշտ Բոն Ջովին` 79 մլն դոլար եկամուտով: Նշենք, որ ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակում կարող են ընդգրկվել միայն կենդանի կատարողները:
ՊՈՒՏԻՆԻՊԱՏՃԱՌՈՎ
Հանրահայտ ռուս գրող Բորիս Ակունինը չի մասնակցի ռուսական գրական հավաքին, որը կայանալու է նոյեմբերի 21-ին Նա հրաժարվել է մասնակցել հավաքին, քանի որ այնտեղ ներկա է լինելու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Քանի դեռ երկրում քաղբանտարկյալներ կան, ես չեմ կարող ղեկավարի հետ նույն վայրում գտնվել: Դա կնշանակեր, որ ես ինձ համար հնարավոր եմ համարում գեղեցիկի մասին ելույթներ լսել մի մարդու կողմից, որը քաղաքական համոզմունքների պատճառով մարդկանց բանտում է պահում»,-հայտարարել է Ակունինը: Գրողը շեշտել է, որ հաճույքով գրական թեմաներ կքննարկի իր երկրի նախագահի հետ միայն այն դեպքում, եթե համաներմամբ ազատ արձակվեն Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալեխինան: Նշենք, որ նրանք ձերբակալվել են 2012-ին խուլիգանության համար:
«ՄՈՒԹ ԳԻՇԵՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆ
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Փառատոնի շրջանակներում այս տարի կցուցադրվի շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմ: Փառատոնի գլխավոր միջազգային մրցույթն այս տարի կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում է ընդգրկված նաեւ Սերժ Ավեդիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: «Եվրասիա» միջազգային մրցութային ժյուրիի կազմում է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Տալլինի «Մութ գիշերներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 21-26-ը հատուկ ծրագրով կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները՝ թվով 17 ֆիլմ: