«ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԳՌՓԵԼ, ԼԱՓԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգիչ Արամոն հիմա ավելի շատ զբաղվում է իր առաջին՝ կինոյի եւ թատրոնի դերասանի մասնագիտությամբ, երբեմն բացակայում է հանրապետությունից, սակայն քաջատեղյակ է երկրում տեղի ունեցող իրադարձություններից։

-Արամո՛, վերջին շրջանում տարբեր առիթներով իրենց քաղաքացիական, քաղաքական դիրքորոշումն են արտահայտում նաեւ Ձեր գործընկերները, շոու բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
-Փաստ է, որ ժողովուրդը ձայնը բարձրացնում, դժգոհում է այն ժամանակ, երբ ինչ-որ մի բան այնպես չէ, սխալ է։ Կարծում եմ՝ պետք է ժողովրդի սրտով գնան, որեւէ բան թանկացնելիս հաշվի առնեն ցանկացած մարդու սոցիալական կարգավիճակը։ Թանկացումը պետք է գիտակցաբար եւ ճիշտ լինի, միայն ավելի շատ փող վաստակելու, բիզնեսը ծաղկեցնելու համար գների բարձրացումը լիովին սխալ է։ Տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքի շարժմանը լիովին կողմնակից եմ, որովհետեւ բնակչության գերակշիռ մասի ընտանիքներում սոցիալական այնպիսի վիճակ է, որ այդ 50 դրամը շատ մեծ նշանակություն ունի նրանց համար։ Ու շատ լավ է, ողջունելի, որ երիտասարդությունը, նաեւ, այսպես ասած, շոու բիզնեսի մարդիկ հանդես եկան դրա դեմ։ Ես այդ ժամանակ քաղաքում չեմ եղել. նկարահանումների էի։
-Ի՞նչ կասեք Վարդան Պետրոսյանին այդպես հապշտապ կալանավորելու մասին։
-Վարդանն իմ շատ հիանալի ընկերներից մեկն է, պատկառելի մի անձնավորություն` սուր մտքի տեր… Նախ հայտնում եմ ցավակցությունս այդ երկու երիտասարդ ձագուկների հարազատներին, ովքեր նոր էին կյանք մտնելու։ Իմանալով Վարդանի առաքինի, մաքուր լինելը՝ վստահորեն հերքում եմ այն ասեկոսեները, ըստ որոնց` Վարդանը խմիչքի ազդեցության տակ է եղել. բացարձակապես այդպիսի բան չի կարող լինել։ Իսկ ինչ վերաբերում է կալանավորելուն, ապա ուզում եմ հարց տալ՝ նա հո ռեցիդիվի՞ստ չէ։ Ինքն էլ ասաց, որ պատժից չի փախչում, միայն խնդրեց, որ թողնեն` մի քիչ կազդուրվի, հասկանա՝ ինչ է կատարվել, որ ի վիճակի լինի հարցերին պատասխանել։ Ի վերջո, նրա մոտ էլ առողջական խնդիրներ կան։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել, դատաքննչական մարմիններն ամեն ինչ կպարզեն… Եվ այս պարագայում նրան կալանավորելը, ներողություն, պարզապես բարբարոսություն է։ Ես սա ասում եմ՝ լավ իմանալով Վարդանի ազնիվ, մաքուր լինելը։
-Վերջերս անգամ դերասան Լեւոն Հարությունյանը, ով մինչ այդ առանձնապես աչքի չէր ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, հայտարարեց, թե երկրում հեղափոխություն է անհրաժեշտ, քանի որ այս ձեւով հնարավոր չէ շարունակել։ Համամի՞տ եք:
-Կառավարությունը եւ ընդհանրապես այդ էլիտա կոչվածը պետք է հասկանան, որ իրենց շրջապատում են տարբեր մասնագիտության, սոցիալական կարգավիճակի մարդիկ, եւ իրենք պետք է որոշակի չափով նեցուկ լինեն նրանց։ Չէ՞ որ ամեն մարդու, ի վերջո, մայր, ծնող է բերում, եւ բոլորն ուզում են մարդավայել ապրել։ Երեխաները պետք է տուն մտնող հոր աչքերում ժպիտ տեսնեն, եւ ոչ թե հայրը կամ մայրն աչքերը փախցնեն՝ չիմանալով, թե որտեղից հացի փող հայթայթեն։ Վատն այն է, որ միջին խավ չունենք, մինչդեռ միջին խավով է պետությունը պետություն դառնում։ Մեզ մոտ կան ահռելի հարստություն դիզած  մեծահարուստներ եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ։ Շատ գյուղերում համարյա երիտասարդություն չկա։ Ինչքա՞ն կարելի է գռփել, լափել, ուտել։ Մի անգամ եք ապրում, ոչ մի բան չեք տանելու ձեզ հետ, պիտի անունը մնա, բայց արդյո՞ք կմնա։ Ես կցանկանայի, որ իսկապես գլոբալ, պետական մտածելակերպը, առողջ գաղափարախոսությունն իշխեին եւ ոչ թե զուտ անձնականի մասին մտածեին։ Չէ՞ որ մենք ունենք չնաշխարհիկ երկիր, ֆանտաստիկ գեն, բայց երաժշտության, ինչպես նաեւ այլ բնագավառներում ինչ-որ տարօրինակ, անհասկանալի բաներ են կատարվում… Ես ուզում եմ, որ ամեն մարդ, պաշտոնյա, ով որոշակի լծակներ ունի, ամեն առավոտ իրեն հարց տա՝ ո՞նց եմ ապրում, ճի՞շտ քայլեր եմ անում… Ամենակարեւոր բանը նեցուկ լինելն է, սերն ու հարգանքը դիմացինի հանդեպ՝ անկախ վերջինիս դիրքից։
-Ինչո՞վ է այսօր զբաղված երգիչ, դերասան Արամոն։
-Ֆիլմերում եմ նկարահանվում։ Այս տարի դա «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմն էր, որի մտահղացման հեղինակը ու նաեւ ռեժիսորը Հրանտ Վարդանյանն էր, իսկ ես պրոդյուսերն ու գլխավոր հերոսն էի։ Հիմա նարկոբարոնի եմ մարմնավորում Մոսկվայի հետ համատեղ նկարահանվող «Հրաձիգ» ֆիլմում։ Թրաֆիքինգի մասին է, ռուսական հատուկ նշանակության ջոկատի քաջ տղաների… Էմման պիես է գրել, մոնոներկայացում է լինելու, Սուրեն Շահվերդյանի հետ փորձերն են ընթանում, պրեմիերան երեւի կլինի եկող տարվա փետրվարին։ Այնպես որ, անցել եմ իմ առաջին պրոֆեսիային։ Իհարկե, չեմ մոռացել նաեւ երգը…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս