«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԻՐԵՆ ՀԱՐԳԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում կայացավ Արտավազդ Բայաթյանի ու Եղիշե Պետրոսյանի համատեղ համերգը` «Ինչ-որ մի օր» խորագրով: Հնչեցին ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: Արտավազդ Բայաթյանի խոսքերով` ոչ մի առիթ էլ չկար, հերթական ցանկությունն էր ու իրենց սրտի ուզածը:
-Մենք ստեղծագործում ենք, կուտակում եւ հետո որոշում, որ պետք է ներկայացնենք: Ո՞վ է ասել, որ մարդը մի որոշ ժամանակ հետո իր գործում պետք է գնա թոշակի: Շարլ Ազնավուրը 87 տարեկան է, բայց երգում է: Ամենալավ թոշակն այն է, երբ դու անում ես քո գործն այնքան, ինչքան ուժդ ու միտքդ ներում է: Հիմա մենք այս տարիքում մեր խոսքով կարող ենք շատ ավելին ասել, քան, օրինակ, 20 տարի առաջ: Մենք մերն ասում ենք,  ու եթե այդ խոսքը մատչելի է, կապ չունի` երիտասարդ է, թե ծեր, կընդունի:
-Շատ տարիներ առաջ «Արձագանք» ստուդիա ունեիք, որտեղից իրենց կարիերան սկսել են շատ երիտասարդ կատարողներ` Հասմիկ Կարապետյան, Միստր X, Ալլա Լեւոնյան… Լավ կադրեր եք ունեցել, ինչո՞ւ դադարեցրիք այդ գործունեությունը:
-90-ականներին, երբ լույս չկար, մենք շատ ջանք գործադրեցինք, որ ինչ-որ մարդիկ հաստատվեն, որ վերջնականապես մի բան չհանգի: Ես չէի ասի, որ դա պետք է կրկնել: Գալիս է մի պահ, երբ դու ասում ես` սպասի՛, ես ինքս շատ անելիք ունեմ, բայց դեռ չեմ արել: Եթե գտնեի, որ անելիք ունեմ այդ ասպարեզում, էլի մարդկանց կբերեինք, մենք դա կանեինք, բայց եկել է մի պահ, երբ մենք պետք է մերն ասենք: Ժամանակն ինքն է բերում հանգամանքները ու ցույց տալիս, թե մարդը որը պետք է ընտրի: Այս պահին մենք սա ենք ընտրել:
-Մեկը մյուսին խանգարո՞ւմ էր:
-Այո՛, մենք շատ ժամանակ էինք կորցնում ադմինիստրատիվ հարցերով զբաղվելու վրա: Ռադիո «Արձագանք»-ն էլ էր ինձնից ժամանակ տանում, եւ այդ ամենից տուժում էր մեր ստեղծագործական վիճակը: Ես համարում եմ, որ դա անթույլատրելի է, մարդ ինքն իրեն անտեսելու իրավունք չունի:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն իրողությանը, որ մեր էստրադան եւ շոու բիզնեսը   վատորակ երգիչներով են լցված:
-Ես շատ շնորհքով ու լավ երգիչների, արտակարգ երաժիշտների եմ ճանաչում նույն շոու բիզնեսում, բայց ապաշնորհներն էլ կան: Խնդիրն այն է, որ ես ինձ իրավունք չեմ վերապահում ստանձնել մշակութային մինիստրության պարտականություններն ու այդ ասպարեզի մասին ինչ-որ բան ասել: Ես անում եմ այն, ինչ կարող եմ: Դա ավելի շատ պետական խնդիր է: Անհատները կարող են իրենց ցույց տալ, բայց նրանք չեն կարող ստեղծել պետական ստրատեգիա:
-Փաստը մնում է փաստ, որ թիթեռնիկի կյանք ունեցող աստղիկները շատանում են օր օրի:
-Բայց այդ երեւույթը միայն մեզ մոտ չէ, ամբողջ աշխարհում է: Ուղղակի էնտեղ ընտրություն են անում, փորձում գոնե լավերին առաջ տանել: Մենք փոքր երկիր ենք, մեզ համար շոու բիզնես կոչվածն արդյունավետ չէ, շատ մեծ գումարներ չկան:
-Արդյունքում եթերում հայտնվում են նրանք, ովքեր գումար են վճարել:
-Կա էդպիսի բան: Ստացվում է այսպես` մեզ մոտ փող են ծախսում, ինչ-որ մի բան նկարում, մեջն էլ անպայման պիտի դուդուկ լինի, մի քիչ էլ 6/8, դե որ իրենց կանչեն, իսկ ո՞ւր պետք է կանչեն: Երեւանում մի 3 համերգասրահ ունենք կիսատ-պռատ: Դրա համար էլ նրանք մտածում են` ավելի լավ է մենք էնպիսի երգ երգենք, որ մեզ հրավիրեն հարսանիք` երգելու, ամեն տեղ էլ այսքան փող տան, որ ես գոնե ապրեմ: Ամբողջ լոգիկան դրա մեջ է: Քչերն են, որ հավատարիմ են մնացել իրենց արվեստին: Մենք հավատարիմ ենք մնացել ե՛ւ մեր սկզբունքներին, ե՛ւ մեր երաժշտությանը, ոչ մի բան չենք փոխել ու չենք փոխվել:  
-Չե՞ք մտածել հիթային մի բան անել, մեծ գումարներ վաստակել:
-Իսկ ո՞վ չի ուզում: Բայց դա չպետք է անել ամեն գնով: Էդպես լիներ, մենք շատ վաղուց շատ բաներ կունենայինք: Մարդ պետք է ինքն իրեն գոնե հարգելու տեղ թողնի: Հավատարմության խնդիր կա: Լավը միշտ քիչ է լինում: Լավ արվեստը պետք է  ներկայացնեն պատվավոր հարթակներից, միջինը` միջին, վատն էլ` ստորին: Պետք չէ բոլորին մի տեղ հավաքել: Հիմա մեզ մոտ ով փող տա, նա էլ կերգի Օպերայի ու ֆիլհարմոնիայի բեմում:
-Դուք նաեւ «Արձագանք» ռադիոկայանի տնօրենն եք: Ձեր ռադիոյով ամեն տեսակի երաժշտություն հնչո՞ւմ է, թե՞…
-Ոճային իմաստով` ամեն ինչ էլ հնչում է: Չէի ասի, որ մենք դրած ռաբիս ենք ֆռռացնում, բայց եթե մեր հայկական փոփ երգիչները մի բան անում են, փորձում ենք այդ մարդկանց գոնե եթեր հեռարձակել, որ ինչ-որ մեկը լսի, բայց ոչ անընդհատ: Եթե հաջողված գործ է, մի քանի անգամ ենք եթեր տալիս, եթե անհաջող, մի անգամ, այն էլ ցույց տալու համար: Բայց հիմնականում ներկայացված ծավալն անհամեմատ շատ ավելի լավն է ու բազմաոճ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս