Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ: Ամերիաբանկի այս ձեռքբերումը, հատկապես մեր երկրում միջազգային ներդրումների տեսանկյունից, շատ է կարևորում ՀՀ Կենտրոնական բանկը:
2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված LFG ֆինանսական խումբը Ամերիաբանկի խմբին միանալուց մոտ երկու տարի անց ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում։ Սա վկայում է, որ Ամերիաբանկի ներգրավումը կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել և էական ներդրում է ունեցել խմբի ընդհանուր զարգացման մեջ։ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ընդգծել է, որ այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն բանկի և խմբի, այլև Հայաստանի և տարածաշրջանի համար։
LFG խումբը FTSE 100 ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026 թվականի մարտի 20-ին՝ շուկաների փակվելուց հետո, իսկ փոփոխությունն ուժի մեջ կմտնի մարտի 23-ից։ FTSE 100-ում ընդգրկված են միջազգային առաջատար ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, այդ թվում՝ HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) և այլն ։ Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ):
Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից։ Լոնդոնի ֆոնդային բորսայի այդ ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման արդյունքում գրանցված արդյունքները։ Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության և հեղինակության բարձրացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























