ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում՝ նվիրված 2026 թվականի մայիսի 19-23-ը Հայաստանում կայանալիք 𝐂𝐨𝐧𝐜𝐨𝐮𝐫𝐬 𝐌𝐨𝐧𝐝𝐢𝐚𝐥 𝐝𝐞 𝐁𝐫𝐮𝐱𝐞𝐥𝐥𝐞𝐬 𝟐𝟎𝟐𝟔 գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը։
«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ 60-ից ավել երկրից՝ գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ, պատմաբաններ և ոլորտի այլ մասնագետներ։
Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես գինեգործության ոլորտում վերածնունդ ապրող հնագույն երկիր ու մշակութային զբոսաշրջության ուղղություն։ Այն կնպաստի հայկական գինիների միջազգային առաջխաղացմանն ու նոր գործընկերային կապերի ձևավորմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են մրցույթի արդյունավետ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գևորգ Պապոյանը վերահաստատել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու Հայաստանի հանձնառությունը։



















































































