Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի:
Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում:
Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ:
Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:
ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ (Ղուկ.16․1-8) Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան եւ ասաց. “այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛վր քո տնտեսութեան հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”: Տնտեսը իր մտքում ասաց. “ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ:
Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները”: Եւ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով առաջինին ասում է “իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես”: Եվ սա ասում է “հարյուր տակառիկ ձեթ”. և տնտեսը նրան ասում է “ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր հիսուն”: Ապա դարձեալ մյուսին ասում է “դու ինչքա՞ն պարտք ունես”. և սա ասաց “հինգ հարյուր պարկ ցորեն”:
Տնտեսը նրան ասաց “ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր` չորս հարյուր”: Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»:
Նանիկ Աղասյան























