Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևը հայտարարել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետաքննելու անհրաժեշտության մասին։
«Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանում ավիահարվածը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի», – հավելել է մամուլի ծառայությունը։
Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հայտնել են Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրն իրավունք ունի հակահարված տալու։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի օդային տարածք արձակելու մասին տեղեկությունը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։



























