Armenian text to speach

Դոլար, ռուբլի, միլիոնավոր դրամներ և նոր բնակարան․ ինչ է հայտարարագրել Շիրակի փոխմարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը պաշտոնում նշանակվել է 2025 թվականի հունվարի 23-ի:  ArmLur.am-ի ուսումնասիրությունները  ցույց տվեցին, որ  մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ հիմնականում Շիրակի մարզում։

Արտուշ Հովհաննիսյանը մասնագիտական գործունեությունը սկսել է Շիրակի մարզպետարանում։
2016-2019 թվականներին նա աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։

2019-2020 թվականներին Հովհաննիսյանը աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնում՝ որպես փորձագետ։
2020-2024 թվականներին նա զբաղեցրել է նույն կառույցի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան Հովհաննիսյանը, աշխատում է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրեն. հարցական է՝ արդյոք ամուսնու գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ։

Պաշտոնը ստանձնելուց մոտ երկու շաբաթ առաջ՝ 2025 թվականի հունվարի 8-ին, Արտուշ Հովհաննիսյանը համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել Գյումրիում։

Հայտարարագրի տվյալները

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ Արտուշ Հովհաննիսյանը ունի 3 միավոր անշարժ գույք.

  • Բնակարան՝ Գյումրիում – համատեղ սեփականություն, ձեռք է բերվել 2025թ. հունվարի 8-ին (գնում)
    Բնակարան՝ Երևանում – միանձնյա սեփականություն, ձեռք է բերվել 2007թ. մայիսի 29-ին (գնում)
    Ավտոտնակ՝ Երևանում – միանձնյա սեփականություն, ձեռք է բերվել 2007թ. հունիսի 15-ին (գնում)

Բանկային միջոցներ

  • Բանկային հաշիվների մնացորդներ՝ չկան

Կանխիկ դրամ

Հայտարարագրի համաձայն՝ Հովհաննիսյանն ունի.

  • 8,000 ԱՄՆ դոլար
    3,800,000 ռուսական ռուբլի
    4,000,000 դրամ

Երրորդ անձի պատկանող կանխիկ միջոցներ

  • 1,500,000 դրամ

Եկամուտներ

Հաշվետու ժամանակահատվածում հայտարարագրվել է.

  • Աշխատավարձ՝ 244,748 դրամ
    • Վճարող կառույց՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Վարկային պարտավորություններ

  • Վարկի մայր գումարի մնացորդ՝ 916,000 դրամ

ArmLur.am-ը նկատեց, որ  հայտարարագրի տվյալները մի շարք հարցեր են առաջացնում.

  • Պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու շաբաթ առաջ Գյումրիում բնակարանի ձեռքբերումը ինչ միջոցների հաշվին է իրականացվել, հաշվի առնելով հայտարարագրված համեմատաբար փոքր եկամուտը։
  • Հայտարարագրում նշված կանխիկ դրամական միջոցները (դրամ, դոլար և ռուբլի) ինչ աղբյուրներից են ձևավորվել։
  • Ինչու են զգալի գումարներ պահվում կանխիկ տեսքով, այն դեպքում, երբ բանկային հաշիվների մնացորդներ չեն նշվում։
  • Հայտարարագրում առկա է նաև երրորդ անձի պատկանող 1,5 մլն դրամ կանխիկ գումար, որի ծագման և օգտագործման մասին բացատրություն չի ներկայացվում։
  • Աշխատավարձի չափը՝ 244,748 դրամ է, համադրելի՞ է արդյոք հայտարարված գույքի և կանխիկ միջոցների հետ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս