ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես քիչ առաջ հայտնեցին, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 17 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Փաստացի 17 մեղադրյալ կա այս պահին, սակայն հիմնական դերակատարին՝ ինքնաձիգով կրակող անձին՝ դեպքից 21 օր անց դեռ չեն գտել:
Փետրվարի 18-ին Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է: ArmLur.am-ը հայտնել էր, որ մասնակիցներից մեկի ընկերուհու աղջկան են մոտեցել, ու նա զգուշացրել է իր ընկերուհու աղջկանից հեռու մնան, չմոտենան, սակայն զգուշացումները չեն ազդել ու բանը հասել է զինված հանդիպմանը:
Ի դեպ, աղմկահարույց տեսանյութում նկատում ենք, որ ինքնաձիգը ձեռքին տղամարդը կրակում է մյուս խմբի տղաների վրա, դեպքից անցել է 21 օր, ինքնաձիգը ձեռքին տղամարդուն իրավապահները, սակայն, մինչ օրս չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Արսեն Վարդանյանը, հիվանդանոցում մահացել էր։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























