Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:
Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքները ամփոփելով նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:
Այսպիսով, միայն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:























