ՀԱՐՑ. Գիշերով երթեւեկում էի Ծովակալ Իսակովի փողոցով, թույլատրված էր 80կմ/ժ արագություն, բայց ես վարում էի 98-ից 100կմ/ժ: Նկատեցի, որ լուսարձակների հենասյան վրա ամրացված ինչ-որ սարքավորում մեքենաս նկարեց: Ես գիտեմ, որ բոլոր նորմալ երկրներում մինչեւ 500 մետր հեռավորությունից հատուկ ցուցանակները զգուշացնում են, որ ավտոճանապարհը տեսահսկվում է: Ինչո՞ւ Հայաստանում չկան զգուշացնող ցուցանակներ: Այնպիսի տպավորություն է, որ ինչպես ճանապարհային ոստիկաններն էին թաքնվում ու գաղտագողի բռնում վարորդներին, այնպես էլ տեսախցիկներն են թաքուն նկարում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքի մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցների արագության գերազանցման փաստերն արձանագրելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով իրականացվում են արագաչափ սարքերի տեղադրման եւ փորձարկման աշխատանքներ: Նշված աշխատանքների ավարտից հետո գործընթացը սկսվելու կապակցությամբ կտրվի պաշտոնական հայտարարություն, իսկ երթեւեկության մասնակիցներին նախապես տեղեկացնելու համար տվյալ տեղամասերը կկահավորվեն նախազգուշացնող ցուցանակներով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում պատրաստվում ենք ամբողջությամբ ընդօրինակել արտերկրի փորձը: Պատասխանից թեեւ հասկացվում է, որ չափիչ սարքերի տեղադրման գործընթացը դեռեւս չի ավարտվել, սակայն տարօրինակ է, թե այս դեպքում ինչու է «լուսանկարվել» մեր ընթերցողի ավտոմեքենան, ու արդյոք նա առաջիկայում տուգանված լինելու մասին կտրոն է ստանալու: