Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, արձագանքելով Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։
Լարիջանին իր գրառմամբ X սոցիալական հարթակում նշել է, որ իրանցի ժողովուրդը չի վախենում ԱՄՆ նախագահի սպառնալիքներից։
«Քեզանից ավելի ուժեղներն անգամ չեն կարողացել վերացնել իրանական ժողովրդին։ Զգուշացիր, որ ինքդ չվերացվես», — գրել է իրանցի պաշտոնյան՝ դիմելով Թրամփին։
Լարիջանիի հայտարարությունը հաջորդել է Թրամփի՝ Truth Social հարթակում կատարած գրառմանը, որտեղ նա սպառնացել էր Իրանի դեմ ավելի կոշտ գործողություններ իրականացնել, եթե Թեհրանը փորձի դադարեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով։
Թրամփի խոսքով՝ եթե Իրանը խոչընդոտի նավթի տեղափոխությանը այդ ռազմավարական ջրուղով, ապա ԱՄՆ-ը կհարվածի Իրանին «քսան անգամ ավելի ուժգին» և կհարվածի այնպիսի թիրախների, որոնք կարող են գրեթե անհնար դարձնել երկրի վերականգնումը։
Լարվածությունը տարածաշրջանում սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական անձանց սպանությունից հետո։
Հաղորդվում է, որ հարվածները ներառել են Իրանի տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների դեմ օդային լայնածավալ հարձակումներ, որոնց հետևանքով եղել են զոհեր և զգալի վնասներ ենթակառուցվածքներին։
Իր հերթին Իրանի զինված ուժերը պատասխան գործողություններ են իրականացրել՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցնելով ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերին տարածաշրջանում և օկուպացված տարածքներում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























