ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Իրանի 16 ականադրող նավերին՝ Հորմուզի նեղուցի տարածքում։ Այս նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր նավթային ուղիներից մեկը, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդը։
Հարվածների մասին հայտարարությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ԱՄՆ-ը իշխանությունները փորձում են հստակ ռազմավարություն ներկայացնել Իրանի դեմ ընթացող պատերազմի վերաբերյալ։
Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտության հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 1800 մարդ, որոնց մեծ մասը Իրանում։ Պատերազմը նաև լուրջ ազդեցություն է ունեցել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Նավթատար նավերի մեծ մասը դադարեցրել է անցնել Հորմուզի նեղուցով՝ վախենալով անօդաչու սարքերի կամ հրթիռների հարվածներից։ Արդյունքում նավթի գները բարձրացել են, ինչը թանկացրել է վառելիքը տարբեր տարածաշրջաններում։
Միևնույն ժամանակ, Բեյրութում, հարված է հասցվել բնակելի շենքերի։ Լիբանանի պետական լրատվական գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Աիշա Բաքքար թաղամասում։ Տեսանյութերում երևում են այրվող բնակարաններ, վնասված մեքենաներ և փողոցում ընկած բեկորներ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Նույն օրը առավոտյան Քաթարի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրթիռային հարձակման մասին, որը հակաօդային պաշտպանության միջոցով կասեցվել է։
Տարածաշրջանի մի շարք երկրներ նույնպես հաղորդել են անօդաչու սարքերի և հրթիռների մասին․
- Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանությունը որսում է Իրանից արձակված հրթիռներ և դրոններ։
- Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խոցել է ավելի քան 20 անօդաչու սարք և 7 բալիստիկ հրթիռ։
- Քուվեյթը ազգային գվարդիան հայտնել է 8 անօդաչու սարք խոցելու մասին։
Բացի այդ, առևտրային կոնտեյներային նավը վնասվել է անհայտ արկից Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ՝ կրկին Հորմուզի նեղուցի տարածքում։ Մեծ Բրիտանիայի ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ նավի անձնակազմը չի տուժել։
Մասնագետների կարծիքով՝ նավերի վրա հնարավոր հարձակումների վտանգը գրեթե կանգնեցրել է նավթատարների երթևեկությունը Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային նավթի փոխադրման ամենակարևոր ուղիներից մեկն է։
Թարգմանությունը՜ Անի Վարդանյանի





























