Armenian text to speach

Պապոյանը կրկին արտոնություններ կտա. ովքեր են կառավարության «ընտրյալ» 6 ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կառավարության վաղվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստվում է հերթական անգամ մի շարք ընկերությունների տրամադրել մաքսատուրքից ազատման արտոնություններ։

Խոսքը ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող սարքավորումների և հումքի համար մաքսատուրք չվճարելու հնարավորության մասին է, ինչը բիզնեսների համար փաստացի նշանակում է զգալի ֆինանսական արտոնություն պետության կողմից։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս անգամ կառավարության «արտոնյալների ցանկում» հայտնվել են 6 ընկերություններ և մեկ անհատ ձեռնարկատեր։

«ՊԱՊՐԻԿԱ» ՍՊԸ

Արտոնություն կտրամադրվի «ՊԱՊՐԻԿԱ» ՍՊԸ-ին։ Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ և սննդարդյունաբերության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարմամբ։

Բաց աղբյուրներում ընկերության մասին հրապարակային տեղեկությունները բավական սահմանափակ են, ինչը հաճախ բնորոշ է այն ընկերություններին, որոնք հիմնականում աշխատում են ներմուծման շուկայում և պետական ծրագրերի շրջանակում են ակտիվանում։

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍՊԸ

Արտոնություն կստանա նաև «ԲԵԿՈՆ պրոդուկտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գործում է մսամթերքի արտադրության ոլորտում և զբաղվում է խոզի մսի վերամշակմամբ ու մսամթերքի արտադրությամբ։

Մաքսատուրքից ազատման արտոնությունը ընկերությանը հնարավորություն կտա ավելի էժան ներմուծել արտադրական սարքավորումներ և հումք, ինչը հաճախ կառավարության կողմից հիմնավորվում է «արտադրության խթանման» անհրաժեշտությամբ։

«ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ

Արտոնություն կստանա նաև «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն։

Հատկանշական է, որ ընկերությունը նմանատիպ արտոնություն ստացել էր դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում նախատեսվում է զարգացնել պտղատու այգիներ, կառուցել սառնարանային պահեստներ և ընդլայնել հյութերի արտադրությունը։

Այսինքն՝ նույն ընկերությունը արդեն երկրորդ անգամ է հայտնվում պետական արտոնությունների ցանկում։

«ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա

Կառավարությունը արտոնություն է տրամադրելու նաև «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկային։

«Գլորիան» Հայաստանի թեթև արդյունաբերության խոշոր ընկերություններից է, որը համագործակցում է միջազգային բրենդների հետ և հիմնականում արտադրանքն արտահանում է Եվրոպա։

Նման ծրագրերի շրջանակում նախկինում ևս թեթև արդյունաբերության ընկերություններին պետությունը տրամադրել է հարկային կամ մաքսային արտոնություններ։

Անհատ ձեռնարկատեր Սերգո Խաչոյան

Արտոնություն կտրամադրվի նաև անհատ ձեռնարկատեր Սերգո Խաչոյանին։

Վերջինս նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծել սարքավորումներ, որոնք ևս կազատվեն մաքսատուրքից։

«ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» ՓԲԸ

Կառավարության արտոնությունների ցանկում է նաև «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Ընկերությունը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ՝ մասնավորապես բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությամբ, որոնք օգտագործվում են շինարարության մեջ։

Վաղվա կառավարության նիստում այս հարցերը ներկայացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս