Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իր հրահանգով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Փաշինյանը նաեւ հաստատեց տեղեկությունները, որ Գզոյանին աշխատանքից ազատել են ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։
«Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի։ Երբ երկրի վարչապետն ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։
Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը։ Եվ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա։ Այսինքն՝ մենք պետություն ենք, թե՞ ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։
Սա պետություն է, հարգելիներս՝ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չքմեղանալու բացարձակ որեւէ բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը, ես կառավարության ղեկավարն եմ»,- ասաց նա։





























