Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը: Վերջինս նախ ասաց՝ ոչ ինքը, ոչ իր ընկերները երբևէ չեն ունեցել հանցավոր միտում, և ամբողջ գործը հիմված է գերճոխացված ենթադրությունների հիման վրա:
«Արդեն 30-րդ ամիսն է՝ մենք գտնվում ենք կալանքի մեջ, ու ոչ մի ապացույց չկա: Ինձ կալանավորելիս քննիչն ասում էր՝ ես որ կալանավայրում չլինեմ, կզանգեմ հրահանգներ կտամ «հանցավոր խմբիս» անդամներին, բայց դրա համար ոչ մի փաստ չուներ»,-ասաց Վազգեն Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակում են 5 քաղաքացի՝ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Էդգար Ծատինյանը, Կարեն Սիմոնյանը։ Նրանք, ըստ մեղադրանքի, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, 2023 թվականին նախնական համաձայնությամբ, կատարել են ահաբեկչության, ինչպես նաև՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն, իսկ այդ ահաբեկչական գործողությունն անվանել են «Հյուսիսային տերևաթափ»։
Մանրամասները՝ տեսանյութում․



















































































