Մարտի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գործարկել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի նոր կայքը, որը, ըստ պաշտոնական նպատակների, պետք է հեշտացներ օգտատերերի աշխատանքը և ավելի արդյունավետ դարձներ տվյալների հետ աշխատելու գործընթացը։ Սակայն նոր հարթակը, ըստ գնահատականների, ոչ միայն չի ընդլայնել, այլ որոշ դեպքերում սահմանափակել է օգտատերերի հնարավորությունները։
ArmLur.am-ը պարզեց, որ լրատվամիջոցները, որոնք մինչ այդ հատուկ պայմաններով օգտվում էին ռեգիստրի տվյալների բազայից, նոր կայքում նախկին պայմաններով մուտք գործելու հնարավորություն չունեն։ Ինչպես արձագանքում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հարթակում բացակայում են նաև ընդլայնված որոնման և անձի անունով որոնում իրականացնելու գործիքները, որոնք կարևոր են հատկապես հետաքննողական լրագրության և փաստերի ստուգման համար։
Նշվում է նաև, որ նոր կայքի կառուցվածքն ու ֆունկցիոնալ հնարավորությունները նախապես չեն քննարկվել ոլորտում գործող կառույցների և տվյալների հետ աշխատող լրագրողների հետ, մինչդեռ մասնագիտական համայնքը նախորդ կայքի վերաբերյալ բազմիցս ներկայացրել էր բարելավման առաջարկներ։
ArmLur.am-ը ուսումնասիրեց, որ լրագրողները նոր կայքի գործարկման մասին տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ փորձել են մուտք գործել նախկին հասցեով և հայտնաբերել նոր հարթակ։ Սկզբնական շրջանում հասանելի չի եղել նաև հին կայքի հղումը, ինչի հետևանքով նրանք ժամանակավորապես զրկված են եղել համակարգը լիարժեք օգտագործելու հնարավորությունից։
Ավելի ուշ նախարարությունը կայքում ավելացրել է հին տարբերակ մուտք գործելու ակտիվ հղումը։ Նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը հայտնել է, որ ԶԼՄ-ներին տրամադրվող անվճար որոնման հնարավորությունը և մի շարք այլ գործիքներ առաջիկայում կրկին հասանելի կլինեն, քանի որ մասնագետները աշխատում են տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ։
Նա նաև նշել է, որ նոր կայքի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նամակի թեմա բաժնում նշելով՝ «Առաջարկություններ պետական ռեգիստրի նոր կայքի վերաբերյալ»։
Սոնա Գրիգորյան



















































































