Հիշեցնենք, որ երեկ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել իր իսկ ցուցումով։ Վարչապետի խոսքով՝ նման որոշման պատճառը եղել է այն, որ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին և նրան նվիրել այդ թեմային վերաբերող գրքեր։ Փաշինյանը նշել էր, որ այդ քայլը հակասում է կառավարության քաղաքականությանը։
Այս ֆոնին միջազգային տարբեր համալսարանների ցեղասպանագիտության ոլորտի հայտնի գիտնականներ հանդես են եկել հայտարարությամբ՝ խոր մտահոգություն հայտնելով Էդիտա Գզոյանի պաշտոնանկության կապակցությամբ և կոչ անելով վերականգնել նրան տնօրենի պաշտոնում։
Գիտնականների հայտարարության մեջ նշվում է, որ 2026 թվականի մարտի 11-ին Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ըստ նրանց գնահատականի՝ կառավարության ճնշման ներքո։ Նրանք ընդգծում են, որ Գզոյանը եղել է ինստիտուտի պատմության ամենանվիրված և արդյունավետ տնօրեններից մեկը։
Հայտարարության հեղինակները նշում են, որ նրա ղեկավարության ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել միջազգային ակադեմիական մեծ հեղինակություն։ Ընդլայնվել են արխիվային հավաքածուները, կազմակերպվել են կարևոր գիտաժողովներ և սիմպոզիումներ, ինչպես նաև հրապարակվել են գիտական աշխատություններ, որոնք էական ներդրում են ունեցել ցեղասպանագիտության զարգացման գործում։
Գիտնականների խոսքով՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ պաշտոնանկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլ նաև հայերի դեմ հետագա բռնությունները՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում։ Նա նաև Վենսին է նվիրել Հայոց ցեղասպանության Արցախի հակամարտության վերաբերյալ գիտական գրքեր։
Նամակի հեղինակները նշում են, որ այս զարգացումները կարող են վկայել վտանգավոր միտման մասին, երբ անկախ ակադեմիական ձայները կարող են լռեցվել քաղաքական նկատառումներից ելնելով։ Ըստ նրանց՝ նման քայլը կարող է վնասել ոչ միայն ինստիտուտի աշխատանքին, այլ նաև Հայաստանի գիտական հեղինակությանը միջազգային հարթակներում։
Գիտնականները հիշեցնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես թանգարան չէ, այլ պատմական հիշողության և գիտական հետազոտության կարևոր կենտրոն, որի անկախությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտություններից։
Նրանք նաև ընդգծում են, որ իրենք տարիներ շարունակ համագործակցել են ինստիտուտի հետ՝ մասնակցելով գիտաժողովների, աշխատելով խմբագրական և ակադեմիական խորհուրդներում, ինչպես նաև համատեղ իրականացրել գիտական ծրագրեր։ Նրանց համոզմամբ՝ Գզոյանի հեռացումը կարող է լուրջ վնաս հասցնել միջազգային գիտական համագործակցությանը։
Հայտարարության վերջում միջազգային ցեղասպանագետները կոչ են անում ՀՀ իշխանություններին հարգել ինստիտուտի անկախությունը և թույլ տալ, որ Էդիտա Գզոյանը շարունակի իր աշխատանքը առանց քաղաքական ճնշումների։ Նրանք պահանջում են անհապաղ վերականգնել նրան տնօրենի պաշտոնում՝ նշելով, որ ինստիտուտի ապագան և միջազգային հեղինակությունը մեծապես կախված են այդ որոշումից։
Բաց նամակը ստորագրել են աշխարհի տարբեր համալսարանների հայտնի ցեղասպանագետներ և պատմաբաններ, այդ թվում՝ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Բեդրոս Դեր Մաթոսյանը, Քլարք համալսարանի պրոֆեսոր Էլիզ Սեմերդջյանը, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Քիթ Ուոթենփաուղը, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մելանի Շուլցե Թանիելիանը, Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Սիմոն Մաղակյանը և մի շարք այլ գիտնականներ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































