ArmLur.am–ը տեղեկացավ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է 2026 թ․ փետրվարի 16-ից Կարինե Գրիշայի Ծովանյանին նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող՝ կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կարինե Ծովանյանը մարզպետ Հայկ Ղալումյանի մորաքրոջ աղջիկն է։ Մինչ այդ նշանակումը նա աշխատել է նույն դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։
Այս նշանակումը Տավուշի մարզպետի կողմից արված միակ նման որոշումը չէ։ Փետրվարի 16-ին Ղալումյանը Նարա Եդիգարյանին նշանակել է Ոսկեվանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, իսկ մարտի 2-ին Արգամ Թամրազյանին՝ Թեղուտի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։
Հաշվի առնելով նշանակումների հաճախականությունը՝ մենք գրությամբ դիմել ենք մարզպետին՝ պարզելու, թե մինչև այժմ Տավուշի մարզի քանի դպրոցներում են վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակվել, և մինչև հունիսի 7-ը ևս քանի նշանակումներ են նախատեսվում։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․
«Մարզի հանրակրթական դպրոցներում վարչատնտեսական համակարգողների թիվը 20 է, իսկ մինչև հունիսի 7-ը նշանակվելիք համակարգողների թիվը կախված է մրցույթների արդյունքներից»։
Այնուամենայնիվ հարցերը մնում են օդում կախված․ արդյո՞ք բոլոր նշանակումները կատարվում են բացառապես մրցույթների արդյունքներով, թե՞ դրանց մեջ դեր ունեն նաև ազգակցական կապերը։
Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը իշխանության ներկայացուցիչ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, և Տավուշի մարզպետ է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նա Փաշինյանի ընտանիքի հետ քավոր սանիկական կապ ունի և երկար ժամանակ աշխատել է իշխող ուժի կառույցներում։
Այս պայմաններում հատկապես զգայուն է դառնում այն հարցը, թե պետական համակարգում պաշտոնները արդյոք բաշխվում են մրցութային թափանցիկ ընթացակարգերով, թե՞ երբեմն առաջնային են դառնում քաղաքական կամ ազգակցական կապերը։
Ոսկան Սարգսյան





























