Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի։ Այս կիրակին հիմնված է այրի կնոջ և դատավորի մասին առակի վրա (Ղուկ. 18:1-5)։
Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Նկատի ունենալով, որ ինքը դատավոր է և վերջին խոսքը իրեն է պատկանում և իրենից վեր իշխանություն չկա, սանձարձակ կերպով տնօրինում էր ամեն ինչ: Աստծուն չէր հավատում, խիղճ բնավ չուներ, հետևաբար ազատ-համարձակ տնօրինում էր ամեն գործ՝ ի շահ իրեն: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Այրին ամեն օր գնում է դատավորի մոտ, բայց անօգուտ: Ամենօրյա իր թախանձանքն ու խնդրանքը միշտ էլ անտեսվում են: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին: Դատավորը, ձանձրացած այրի կնոջ ամենօրյա այցելություններից և հետապնդումներից, որոշում է տեսնել այրի կնոջ դատը: Դրանից հետո իր մտքում ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա »(Ղուկաս 18:8):
Առակը՝ ստորև․
«Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. իմ ոսոխի դէմ իմ դատը տես։ Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»։ Եւ Տէրն ասաց. «Լսեցէ´ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը։ Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկ. ԺԸ 1-8):
Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթք անելու մասին է:























