Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ ռազմական գործողությունների և ռազմավարական կարևոր նավագնացային ուղիների շուրջ ստեղծված անորոշության պատճառով։ Միաժամանակ աճել են նաև նավթի և վառելիքի գները։
Վարչապետ Կիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը դաշնակիցների հետ աշխատում է Հորմուզի նեղուցը կրկին ամբողջությամբ բացելու ծրագրի վրա։
Մինչ այդ Դոնալդ Թրամփը կոչ է արել տարբեր երկրներին աջակցել կարևոր այս նավագնացային ուղու անվտանգությանը՝ նախազգուշացնելով, որ եթե դաշնակիցները չօգնեն, ապա ՆԱՏՕին կարող է սպասել «շատ վատ ապագա»։
Իր հերթին Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ փակված չէ, սակայն այն գործում է «հատուկ պայմաններում»։
Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են տարածաշրջանում։ Իսրայելը հայտարարել է, որ սկսել է «սահմանափակ և թիրախային» ցամաքային գործողություններ Հըզբոլլահի դեմ՝ Լիբանանում։ Այդ գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են հարավային Լիբանանից։
Լարված իրավիճակ է նաև Թեհրանում, որտեղ, ըստ պետական լրատվամիջոցների, լսվել են ուժեղ պայթյուններ, իսկ քաղաքի տարբեր հատվածներում նկատվել է ծուխ։
Միաժամանակ հաղորդվել է, որ Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել, երբ հրթիռը հարվածել է ավտոմեքենայի։
Տարածաշրջանային լարվածությունը արդեն անդրադարձել է նաև էներգետիկ շուկաների վրա։ Նավթի գինը հասել է 2022 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Այս ֆոնին Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու էներգիայի գների աճը սահմանափակելու հնարավոր քայլերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում բենզինի գները հասել են 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ դիզելային վառելիքի գինը մոտեցել է մեկ գալոնի համար 5 դոլարին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



























