Armenian text to speach

Թրամփ–Սի Ցզինպին հանդիպման հնարավոր հետաձգումը կարող է ձեռնտու լինել թե՛ Պեկինին, թե՛ Վաշինգտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան կատարելիք իր կարևոր այցը, որի շրջանակում պետք է հանդիպեր Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։

Թրամփը նշել է, որ ցանկանում է մնալ Վաշինգտոնում՝ Իրանի շուրջ շարունակվող ԱՄՆ–Իսրայել ռազմական գործողությունների ֆոնին։ Նախատեսված այցը պետք է կայանար մարտի 31-ից ապրիլի 2-ը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ հետաձգումը պայմանավորված է նաև կազմակերպչական հարցերով։ Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Չինաստանը խուսափում է Թրամփի կոչերից՝ մասնակցելու Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված գործողություններին։

Վերլուծաբանների կարծիքով՝ հանդիպման հետաձգումը կարող է որոշ չափով շահավետ լինել երկու կողմերի համար, քանի որ նրանք դեռ չեն կարողացել համաձայնեցնել որևէ էական արդյունք կամ պայմանավորվածություն մինչև հանդիպումը։

Պեկինը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել Թրամփ–Սի Ցզինպին գագաթնաժողովը, իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ին էլ վերջերս խուսափել է ուղղակիորեն մեկնաբանել Իրանի շուրջ զարգացումների ազդեցությունը հնարավոր հանդիպման վրա։

«Այս տարին կարևոր է Չինաստան–ԱՄՆ հարաբերությունների համար։ Բարձր մակարդակի շփումների օրակարգը առկա է, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստում, բարենպաստ միջավայրի ստեղծում և տարաձայնությունների կառավարում»,– հայտարարել է Վան Ին։

Ակնկալվում է, որ Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման հիմնական թեմաները կլինեն առևտրային և անվտանգության հարցերը՝ մաքսատուրքերը, Չինաստանի հասանելիությունը առաջատար միկրոչիպերին, ինչպես նաև Թայվանի խնդիրը։

Մինչ այդ, հնարավոր հետաձգման հիմնական ազդակներից մեկն այն է, որ Վաշինգտոնը փաստացի ընդունում է՝ Իրանի շուրջ պատերազմը դեռևս չի ավարտվելու մոտ ապագայում, ինչն էլ խիստ քննադատության է արժանացել Պեկինի կողմից։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս