Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը ուսումնասիրել է  ՔՊ-ական ակտիվ գործիչ Կարեն Գրիգորյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը։ Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ անդամ է, ով տարբեր տարիներին զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ եղել է Արմավիրի փոխմարզպետ, ապա ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ ներկայումս հանդիսանում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ ։

3 միավոր անշարժ գույք

Ըստ ներկայացված տվյալների՝ Կարեն Գրիգորյանը ունի անշարժ գույք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ Մասնավորապես՝ նա համատեղ սեփականությամբ ունի հողամաս, որը ձեռք է բերվել դեռևս 2000 թվականին։ Բացի այդ, նույն համայնքում առկա է համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, ձեռք բերված 2012 թվականին։

Հայտարարագրում նշված է նաև, որ 2024 թվականին Գրիգորյանը ձեռք է բերել ևս մեկ անհատական բնակելի տուն՝ արդեն միանձնյա սեփականությամբ։

Armlur.am-ը պարզեց, որ պաշտոնյայի անունով գրանցված են նաև տրանսպորտային միջոցներ՝ 2018 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա և 2008 թվականի արտադրության BYD, որը ձեռք է բերվել 2021 թվականին։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր շուրջ 1 միլիոն 38 հազար դրամ, ինչպես նաև առկա է 1.5 միլիոն դրամ կանխիկ գումար։

Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գրիգորյանը ստացել է 2 միլիոն 754 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձի տեսքով «Հայավտոկայարան» ընկերությունից։

Միևնույն ժամանակ, Armlur.am-ը նկատեց, որ պաշտոնյայի վարկային պարտավորությունները կազմել են 3 միլիոն 700 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2020 թվականներին զբաղեցրել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնը, իսկ 2020 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Ներկայումս նա Փարաքար համայնքի ավագանու անդամ է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս