Իրանի զինված ուժերը «True Promise 4» գործողության շրջանակում իրականացրել են հերթական լայնածավալ հրթիռային հարվածը՝ թիրախավորելով Իսրայելի տարածքում ավելի քան 100 ռազմական և անվտանգության օբյեկտ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սա գործողության 61-րդ ալիքն է, որը իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների։ Իրանական կողմը հայտարարել է, որ հարձակումը նաև վրեժ է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և նրա ուղեկիցների սպանության համար։
Հարվածների ընթացքում կիրառվել են «Khorramshahr-4», «Qadr», «Emad» և «Khaybar-shekan» տեսակի հրթիռներ, որոնցից մի մասը բազմակի մարտագլխիկներով է։ Իրանի պնդմամբ՝ այդ հրթիռները կարողացել են հաղթահարել Իսրայելի բազմաշերտ հակաօդային պաշտպանությունը և խոցել նշանակված թիրախները, այդ թվում՝ Թել Ավիվի շրջանում։
Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով Թել Ավիվի որոշ հատվածներում գրանցվել է էլեկտրաէներգիայի անջատում, ինչը, ըստ աղբյուրների, դժվարացրել է իրավիճակի վերահսկումն ու փրկարարական աշխատանքների կազմակերպումը։
Ըստ նախնական գնահատականների՝ հրթիռային հարվածների հետևանքով կա ավելի քան 230 զոհ և վիրավոր։
Հիշեցնենք, որ լարվածությունը տարածաշրջանում կտրուկ աճել է այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ մի շարք բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական անձանց հետ միասին։ Դրան հաջորդել են ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ ավիահարվածները Իրանի տարածքում, ինչին ի պատասխան Իրանը սկսել է հակահարվածներ հասցնել ինչպես Իսրայելի տարածքին, այնպես էլ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























