Armenian text to speach

Ենթադրյալ կեղծ տեղեկանք՝ հանուն Հայկ Կոնջորյանի եղբոր թեթև պատժի․ Ազատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Սակայն 3 ամիս անց Կոնջորյանը նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։

Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին. «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը թույլ է տալիս ոչ մեծ ծանրության, առաջին անգամ հանցանք կատարած լինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կիրառել տուգանք՝ խուսափելով այլ պատժատեսակից։ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել համաձայնությամբ տուգանքով։

Ինչպե՞ս է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք ու օգնել Կոնջորյանին ազատվել ավելի խիստ պատժից, երբ Կոնջորյանն ուներ դատվածություն. ոստիկանությունը «Ազատությանը» պարզաբանել է, որ իրենց կողմից նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տրվել։ Քննչական կողմիտեն էլ պնդում է, որ ոստիկանությունից է ստացել համապատասխան տեղեկանքը։

Կոնջորյանը մեքենա է վարել առանց դրա իրավունքի

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի՝ 2025-ի հուլիսին Ավետ Կոնջորյանը 1 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Ընդամենը երեք ամիս անց պարեկները Կոնջորյանին նորից տեսել են «Մերսեդես» մակնիշի մեքենայի ղեկին։ Կոտայքի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ, Ավետ Կոնջորյանի նկատմամբ հարուցվում է հանրային քրեական հետապնդում, և մոտ մեկ ամիս հետո գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան։ Մեկ շաբաթ անց նիստ է նշանակվել ու որոշվել համաձայնությամբ տուգանքի վարույթ կիրառել, ինչին Կոնջորյանը չի առարկել։

Դատարանը համաձայնությամբ տուգանք նշանակելու որոշման հիմքում դրել է ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, ըստ որի Ավետ Կոնջորյանը նախկինում դատապարտված չի եղել։ Դատարանը վճռել է կիրառել համաձայնությամբ տուգանք 375 հազար դրամի չափով ու տարաժամկետել դրա վճարումը, քանի որ Ավետ Կոնջորյանը պնդել է՝ ի վիճակի չէ գումարն ամբողջությամբ ու միանգամից վճարել։ Այս տարվա հունվարի 29-ին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Ավետ Կոնջորյանին առաջադրված մեղադրանքը կարող էր ենթադրել նաև այլ պատժատեսակներ՝ օրինակ՝ տուգանք առավելագույնը տասնհինգապատիկի չափով (սա մի քանի անգամ ավելի մեծ թիվ կկազմեր), ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս կամ հանրային աշխատանք մինչև 150 ժամ։ Այնուհանդերձ, Քննչական կոմիտեի ու մեղադրյալ Կոնջորյանի ցանկությունը՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու մասին և գործում ոստիկանությունից ստացված տեղեկանքը ավելի մեղմ պատիժ են ապահովել Կոնջորյանի համար։

Ստանալ չդատվածության տեղեկանք՝ ունենալով դատվածություն

Համաձայնությամբ տուգանք նշանակելու կարգավորումները սահմանվում են Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով, և սրա կիրառման պահանջներից մեկն այն է, որ անձը նախկինում հանցանք կատարած չլինի։ Այնինչ Ավետ Կոնջորյանին 2010-ին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և նա դատապարտվել է։ Ըստ գործի՝ Կոնջորյանը, զբաղվելով բնակարանների առուվաճառքով, խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Գագիկ Մեսրոպյանի հետ, աբովյանցի Ալվարդ Մկրտչյանին բնակարան վաճառելու պատրվակով որպես կանխավճար մաս-մաս ստացել են մոտ 15 հազար դոլար և հափշտակել։ Այս դատական գործով Կոնջորյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում




Լրահոս